Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը մերժելու դեմ պաշտպանական թիմի բողոքի քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 12-ին՝ 09:30-ին: Այս բողոքով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանից պահանջում են ճանաչել երկրորդ նախագահի իրավունքների խախտումները:
Ըստ նրանց՝ Վերաքննիչ քրեական դատարանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն մինչև այդ ակտի բեկանումը, այսինքն՝ Քոչարյանի կրկին կալանավորվելը, նրա հանդեպ մեղադրանքը պետք է հանվեր, ասել է թե՝ նա այլեւս չպետք է քրեական հետապնդման ենթարկվեր, բայց այդ ընթացքում եղել են դատավարական գործողություններ, կիրառվել է նոր խափանման միջոց՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ըստ պաշտպանների՝ բոլոր այդ գործողությունները եղել են ոչ իրավաչափ:
Լրագրողների հետ զրույցում այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ իրավական առումով ակնկալիքն այն է, որ դատարանը պետք է իրենց բողոքը բավարարի. «Իսկ եթե կենսափորձը հաշվի առնենք՝ հավանական է, որ մեր բողոքը մերժեն: Նախ, կասկածի տակ է այն հանգամանքը, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից որեւէ հանցագործություն է կատարվել: Անձեռնմխելիությունը նախատեսված է քրեական հետապնդումից պաշտպանվելու համար: Նրա հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունք կա՝ քրեական հետապնդման տեսքով»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման, նաեւ՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորված է:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/338906700096616/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ