Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գեւորգյան. «Պետությունը չի ուզում, որպեսզի «Սպայկան» չլինի»

Ապրիլ 11,2019 17:28

Գեղամ Գեւորգյանը, որը ներկայումս զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե «Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի մթերումները, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի, ասաց. «Այս պահին դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա, որովհետեւ «Սպայկան» իր հայտարարության մեջ ասում է, որ ոչ թե չի մթերելու, այլ ասում է՝ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի»:

Ըստ Գեղամ Գեւորգյանի. «Մենք բոլոր թե՛ մթերողների, թե՛ արտահանողների հետ հանդիպում ենք, աշխատանք ենք տանում: Այս պահին դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա: Դեռեւս չկա նման խնդիր, մենք աշխատանքները շարունակում ենք: Բայց առիթն օգտագործելով՝ ուզում եմ ասել, որ մեր բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի գնան ու պայմանագրեր կնքեն: Բայց հիմա գյուղացիները չեն կնքում, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու չեն կնքում: Մենք անընդհատ փորձում ենք ասել՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտեք, մի սպասեք վերջին պահին: Մենք այս պահին ունենք ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ»:

Գեւորգյանի տվյալներով, «Սպայկան» հանրապետության թարմ պտուղ-բանջարեղենի շուրջ 20 տոկոսի մթերումն ու արտահանումն է իրականացրել:

Այն դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ «Սպայկա» ընկերության փոխարեն «Բեսթ ֆուդ»-ն է մտնում շուկա, Գեղամ Գեւորգյանն ասաց, որ ազատ շուկայական հարաբերություններ են եւ ցանկացած մեկը կարող է շուկա մտնել:

Aravot.am-ի հարցին՝ մենք ունե՞նք այդպիսի խոշոր ընկերություն, որ մթերումն ու արտահանումը կվերցնի իր վրա, եթե «Սպայկան» դադարեցնի գործունեությունը, պարոն Գեւորգյանն ասաց՝ կարող է մեկ հոգի չվերցնի, 5 կամ 10 հոգի վերցնեն. «Բայց ես նորից եմ ասում, չեմ ուզում՝ մամուլում գնա խոսակցություն, որ «Սպայկան» այլեւս չկա: Պետությունը չի ուզում, որպեսզի «Սպայկան» չլինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930