Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԼԳԲՏ համայնքի պաշտպանության հարց՝ ԵԽԽՎ-ում. ի՞նչ պատասխանեց Փաշինյանը

Ապրիլ 11,2019 17:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Լիտվացի պատվիրակ Վարեկիս Էգիդիլուսը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ՀՀ-ն խնդիրներ ունի ոչ միայն Ադրբեջանի հետ, ինչպես վարչապետն ասաց, այլև մյուս հարևանների հետ: Եվ հետաքրքրվեց՝ ի՞նչ բարելավումներ կարելի է անել այս ասպարեզում: Այս առիթով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ունենք հարևաններ, հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Ցավոք, Ադրբեջանի և Թուրքայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ, ըստ էության, չունենք: Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է, այլ է Թուրքիայի պարագան, քանի որ այդ դեպքում Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի. մենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում»:

Գերմանացի պատվիրակ Աքսել Շիֆերը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք այս պահին երկրում կա՞ն քաղաքական գործիչների նկատմամբ դատական գործեր, և դատավարությունն անկա՞խ է: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել: Մեր կառավարությունը դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Բայց չունեմ հարյուր տոկոսով վստահություն, որ այլ ազդեցության լծակները դատական համակարգի վրա չեն պահպանվել: Չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա: Ընդամենը տասն օր առաջ ՀՀ-ում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին»:

Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Ջոն Հովելը նկատեց՝ Իրանը Եվրոպայի հետ տարբերվող հարաբերություններ ունի, և ինչպե՞ս է ՀՀ-ն Իրանի հետ համագործակցում Եվրոպայի հետ համագործակցության համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվրոպայի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած շփումներում արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերութունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու՝ մեր տեսլականի հետ: Բարդ վիճակում ենք, քաղաքական հակասությունների երկու կողմերում մեր բարեկամներն են: Երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին»:

Սլովենիան ներկայացնող պատվիրակ Վիոլետա Տոմիչը հիշեցրեց՝ անցյալ տարվա նոյեմբերին ԼԳԲՏ ակտիվիստների համաժողովը Երևանում չեղյալ հայտարարվեց, քանի որ մի շարք հանրային վստահություն ունեցող մարդիկ դեմ են արտահայտվել, ատելության խոսք հնչեցրել: Այնուհետև հարցրեց՝ ի՞նչ կարելի է անել, որ ՀՀ-ում ԼԳԲՏ հանրությունը զգա, որ իր մարդկային հիմնարար իրավունքները պաշտպանված են: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես ասացի, որ ՀՀ-ում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները: Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, չեմ կարող, անկեղծ ասած, ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու կամ երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է: Այդ խնդրին տեղյակ եմ միայն սոցցանցերում արված մեկ- երկու գրառման շրջանակում: Վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում, որ առավել մանրամասն պատասխան տամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930