ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակում:
«Հարգելի տիկին նախագահ, գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,
նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին զեկույցի համար: Կցանկանայի խոսքս ուղղել ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, այլեւ երիտասարդ քաղաքական գործիչ, որը հավատում է, որ կանայք կարող են եւ պետք է խոսեն խաղաղության մասին ավելի վճռականորեն: Իմ կարծիքով՝ որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ կանայք խորհրդանշում եւ մարմնավորում են խաղաղություն:
Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը երկարատեւ հակամարտության մեջ են: Ճշմարտությունն այն է, որ այդ հակամարտությունը խլել է բազմաթիվ կյանքեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննա Հակոբյանը, հանդես է եկել շատ համարձակ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: Նախաձեռնության իմաստը շատ պարզ է. որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ մենք պետք է խաղաղության կոչ անենք հակամարտող բոլոր կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի եւ պատերազմական հռետորաբանության դեմ: Աննա Հակոբյանը կոչ է արել ադրբեջանցի կանանց ոտքի կանգնել հանուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ առանց բռնության լուծման: Կցանկանայի տեղեկացնել, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի պատասխանը: Ցավոք, ի պատասխան՝ Մեհրիբան Ալիեւան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինն ու Ադրբեջանի փոխնախագահը, հայտարարեց, որ «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Ես իսկապես ցավում եմ, որ պատերազմական հռետորաբանություն է հնչում նաեւ Ադրբեջանի կին ներկայացուցչից: Կարծում եմ՝ որպես կին քաղաքական գործիչներ եւ առաջնորդներ՝ մենք պետք է կանգնենք հանուն խաղաղության եւ ընդդեմ բռնության ու ատելության խոսքի, հատկապես հակամարտության համատեքստում:
Կարդացեք նաև
Ցանկանում եմ շեշտել, որ կա ուղիղ կապ «օտարներին» ուղղված ատելության խոսքի եւ ներհասարակական բռնության միջեւ: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում պետական մակարդակով ատելության խոսքի բացակայությունը եղել է պատճառներից մեկը, որ մեզ հաջողվել է իրականացնել խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն եւ ստանձնել դեպի ժողովրդավարություն տանող ուղին, քանի որ մեր հասարակությունը մշտապես քննադատել է բռնությունը՝ լինելով 1915 թ. Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ:
Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության եւ փոխադարձաբար միմյանց հասկանալու: Ես կարծում եմ, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների եւ առաջնորդների դերը կենսական է: Հույս ունեմ, որ Ադրբեջանում եւս կսկսեն սա գիտակցել եւ կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն: Շնորհակալություն»,-ասել է պատգամավորը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ