Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ էինք ունենալ ավելի լավ Հայաստան

Ապրիլ 11,2019 16:40

Վերջերս կուրսեցուս հետ, ով Ջերմուկից էր եկել, քաղաքում մի քիչ քայլելուց հետո մտանք Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարանններից մեկը: Մոտ 30-40 րոպե էր անցել, երբ նկատեցի, որ սրճարանում է նստած նաև վարչապետի եղբայրներից կրտսերը, որին միտինգներից գիտեի: Իմիջայլոց, այն տղան Նիկոլի եղբայրն է, միտինգներին եմ տեսել, ասացի ընկերոջս: Ո՞նց, բա ու՞ր են թիկնապահները, բա ու՞ր է աժիոտաժը, ու՞ր են հայհոյանքները, բա ասում են էս երկրում ոչինչ չի փոխվել, զարմացած բացականչեց նա: Կարծում եմ, մոլորության մեջ են այն մարդիկ ովքեր գտնում են, որ այս երկրում ոչինչ չի փոխվել: Անշուշտ, բոլորիս համար է  տեսանելի, որ պատմության համար ընդամենը ակնթարթ համարվող այս կարճ ժամանակաընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Ամենակարևորը, որ միջավայր է փոխվել և ՀՀ քաղաքացին զգում է իր երկրի արժանապատիվ տերը, այլևս վախեցած ու ահաբեկված չէ, ավելի ազատ, անկախ և պաշտպանված է: Իշխանությունների գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ, անմիջական, ազնիվ և համարձակ: Քաղաքացի-պետություն փոխհարաբերություններում ձևավորվում է նոր մշակույթ:

Այլևս  քաղաքացին, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, գործարարները  հետհեղափոխական Հայաստանում կարող են ազատորեն գործել, կյանքի կոչել իրենց նախաձեռնություններն ու մտահղացումները: Անկախության ճանապարհին առաջին վճռական քայլերն են անում   դատարանները: ԱԱԾ-ն, ոստիկանությունը և դատախազությունը, որոնք վաղ անցյալում ահաբեկում էին սեփական ժողովրդին, դաժանաբար ճնշում բողոքի ցույցերը և շինծու գործեր սարքում մարդկանց դեմ, այժմ արմատապես փոխել են իրենց գործելաոճը և ակտիվ պայքար են տանում օրինականության  կարգ ու կանոնի վերականգնման համար: Քաղաքացիները շատ ավելի ազատ են իրենց կամարտահայտման մեջ ու չեն հետապնդվում իրենց հայացքների ու արտահայտսծ կարծիքների համար: Այլևս չեն հովանավորվում հանցագործությունն ու լկտիությունը, անհամեմատ նվազել է կոռուպցիան և կաշառակերությունը: Ձեռնարկվում են քայլեր Հայաստանի ինքնիշխանության և միջազգային հեղինակության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ: Եվ ամենակարեւորը, որ 2018թ. տեղի  ունեցան անկախ Հայաստանում նախադեպը չունեցող ազատ և արդար ընտրություններ, ինչը կարևոր նախադրյալ է բարեփոխումների և ժողովրդավարական պետության ստեղծման համար: 1991թ. էլ  թվում էր, թե այսպես կոչված` բռնապետական համակարգի փլուզումից և անկախություն ձեռք բերելուց  հետո հիանալի հնարավորություններ կբացվեն ազգային մշակույթի ու ազգային լեզվի, կրթության, գիտության և տնտեսության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սովորույթային-բարոյական բարձր արժեքների վերածննդի համար:

Դժբախտաբար, սակայն, դարերով մեր երազած անկախ Հայաստանում դա տեղի չունեցավ: Բոլորս լավ գիտենք, թե մենք ինքներս ինչպես անողոքաբար վարվեցինք մեր երկրի հետ`թալանի վերածեցինք ու ապականեցինք այն: Տեղի ունեցածը պարզապես դավադրություն էր սեփական երկրի ու ազգի նկատմամբ: Իսկ վերջին 20 տարիները հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի և խայտառակ ժամանակաշրջաններից մեկը պետք է համարել, երբ մենք ունեցանք հոկտեմբերի 27 ու մարտի 1, և հայը, հանուն սեփական շահի ու փառքի, ձեռք բարձրացրեց  հայոց պետականության ու հայ ժողովրդի վրա: Սեփական երկրում հայը հալածվեց ու ահաբեկվեց հայի կողմից: Տեղի ունեցածի համար, սակայն, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք: Կարող էի՞նք ունենալ ավելի լավ Հայաստան:

Իհարկե այո: Հաշվի առնելով 1988թ.ազգային զարթոնքը, ապրիլյան հեղափոխության  էներգիան և համայն հայության աննախադեպ  համախմբվածությունը, ոգևորությունն ու համերաշխությունը, ինչպես նաև քաղաքացիների՝ փոխվելու կամքը և ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայության գերակշռող մասի շատ մեծ վստահությունը, կարելի է պարզապես շատ լավ երկիր կառուցել: Սակայն մենք, ցավոք, փոշիացնում ենք այն ահռելի ռեսուրսը, որ կուտակվել էր 1988թ. ազգային զարթոնքի և ապրիլյան հեղափոխության ժամանակ: Փոխանակ հետևություններ անելու, այժմ էլ դարձյալ կրկնում ենք անցյալի շատ սխալներ: Մենք այդպես էլ չենք կարողանում դառնալ քաղաքական ազգ և դեռևս լուրջ չենք ընկալում ու ընդունում  հայրենիքն ու պետականությունը՝ որպես գերագույն արժեքի: Որոշ դեպքերում նորից շարունակում ենք անհատական կուսակցական և սեփական կուսակիցների շահը բարձր դասել հանրային ու պետական շահից, շարունակում ենք լուրջ չվերաբերվել քաղաքական գործընթացներին ու պետական ինստիտուտներին:

Անշուշտ շատ դժվար է սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական այս բարդ իրավիճակում կարճ ժամանակում արձանագրել լավագույն արդյունքներ և ետհեղափոխական Հայաստանում հեղափոխությունն իր հաղթական հանգրվանին հասցնելու առումով մեր գործն ավելի է դժվարանում, քանի որ նախկինից ժառանգություն ենք ստացել  խեղաթյուրված արժեհամակարգ, չլուծված արցախյան խնդիր,   մոտ 30 տոկոս աղքատությամբ ազգաբնակչություն, փլուզման եզրին կանգնած կրթական ու գիտական համակարգ, ցածրարժեք մշակույթ, քայքայված տնտեսություն, արտաքին մեծ պարտք, թալանված ու խղճուկ բյուջե և ամայացած քաղաքական դաշտ: Դրան գումարվում է նաև այն, որ  ԽՍՀՄ տարիներին հանրային սեփականության և հասարակական արտադրության ձևը քաղաքացու մեջ մեռցրեցին ակտիվությունը,  ձեռներեցությունն ու ստեղծագործական ունակությունները: Իսկ  անկախ Հայաստանում  մարդկանց սովորեցրինք,  որ փող  կարելի է վաստակել անաշխատ, հեշտ միջոցներով՝ խաբելու, «քցելու»,  կամ կաշառք վերցնելու ճանապարհով` նրանց մղելով ծուլության ու անբարոյականության: Մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ բարձրակարգ ազգ ենք և կարող ենք ունենալ ազգային հզոր պետություն և քաղաքակիրթ հասարակություն:

Մեզ համար լավ օրինակ կարող է ծառայել հրեաների անցած ճանապարհը: Իսրայելը  ՄԱԿ-ի կողմից որպես պետություն ճանաչվեց 1947թ. և այս կարճ ժամանակաընթացքում գրեթե զրոյից ընդամենը 20 հազար ք/կմ տարածքի վրա, որի 70 տոկոսն անապատ են ու քարեր, հզոր պետություն է ստեղծել և այսօր ունի 350 միլիարդից ավելի ՀՆԱ ու 93 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե, որոնք շուրջ 30 անգամ գերազանցում են ՀՀ համանման ցուցանիշներին: 1947թ. 450 հազարից Իսրայելի բնակչության թիվը ներկայումս հասցվել  է  շուրջ 8.5 միլիոնի, որոնց կերակրում են սեփական արտադրության գյուղմթերքներով և դեռ մի մասն էլ արտահանում են աշխարհի տարբեր երկրներ: Իսրայելն աշխարհում առաջատարներից է գիտության, առողջապահության, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Եվ նրանց հետ այսօր աշխարհի հզորներն են հաշվի նստում: Ի դեպ, հրեաներն էլ մեզ նման ճակատագիր ունեն՝ ցեղասպանված են և շրջապատված են ոչ բարեկամ երկրներով: Իսկ մենք նրանց ոչնչով չենք զիջում մեր տաղանդով: Ահա թե ինչ է գրում 2013թ. իրենց երկրի անցած ճանապարհի մասին Իսրայելի նախկին նախագահ Շեմոն Պերեսը. «…հողը, որ ստացանք, քարեր էին ու  անապատ, որի  վրա չկար ոչ մի բնական պաշար` ոչ ջուր, ոչ ոսկի, ոչ էլ նավթ:  Մենք մտածեցինք`  բնության մեծագույն հարստությունը մարդն է: Իսրայելի յուրաքանչյուր ֆերմեր սկսեց ուսումնասիրել, թե ինչպես կարելի է  զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի:

Մենք չունեինք սպառազինություն: Չունեինք գեներալներ, ռազմական փորձ: Մենք պետք է խիզախ ու արի դառնայինք ու պիտի հասկանայինք, որ այլընտրանք չունենք`  պիտի հաղթեինք: Եթե գեթ մի անգամ պարտվեինք, ապա` վե՛րջ… Սկսեցինք զենք արտադրել ու բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել ՏՏ-ն: Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն, սակայն նրանք բոլորն էլ մի քիչ ծույլ են: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Ես արդեն 90 տարեկան եմ ու երբեք արձակուրդ չեմ գնացել: Իսկ աշխատանքն ինձ երջանկացնում է: Եվ` հոռետես մի եղեք, քանի որ դա էլ է  իզուր կորուստ: Պետք է գիտությանը  հետևել: Գիտությունը սահման ու սահմանափակումներ չունի…:Երազեք մեծ բաների մասին, որքան այն մեծ է`  այնքան ավելիին կհասնեք: Սրանք դասեր են, որ անցյալից եմ քաղել»: Կարծում եմ, այս իմաստուն մարդու խորհուրդները մեզ համար նունպես կարող են օգտակար ուղեցույց դառնալ: 1991թ. հայ   ժողովուրդը ձեռք բերեց    անկախություն, ազատություն, սեփականություն և ի տարբերություն հրեաների, ժառանգություն ստացավ  բարեկարգ քաղաքներ և գյուղեր, արտադրական հզոր կարողություններ, զարգացած  գիտական ու կրթական համակարգ  և շատ ավելի բարձր արժեհամակարգ և բարձրարժեք մշակույթ, քան ունենք այսօր:

Ունենալով չքնաղ բնություն, տաղանդ և աշխատասիրություն, ով էր սակայն մեզ խանգարում կառուցել լավ երկիր և ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ: Ամերիկացի 20-րդ դարի գրող  Ռոբերտ Հայնլայնը գտնում էր, որ «Հեղափոխության նախապատրաստումն ու իրականացումը մանկական խաղալիք է այն բանի համեմատությամբ, ինչը ձեզ սպասվում է նրա հաղթանակից հետո»: Իսկ Ֆիդել Կաստրոն այն կարծիքին էր, որ. «Հեղափոխությունը պայքար է ոչ թե կյանքի համար, այլ անցյալի և ապագայի մահվան միջև», ինչը ենթադրում է, որ մեզ սպասվում են բազում դժվարություններ և փորձություններ: Սակայն դժվարություններից պետք չէ վախենալ, պարզապես պետք է ճիշտ ճանապարհով գնալ և լավ սկիզբ դնել: Իսկ ժողովուրդը հանուն լավ ապագայի պետք է պատրաստ լինի ժամանակավոր զրկանքների և զոհողությունների, միայն թե կարևոր է, որ երկրում լինի արդարություն և կառավարության նկատմամբ՝ վստահություն: Անհրաժեշտ է, որ կառավարության գործողություններում ավելի շատ լինի հավասարակշռվածություն,  տրամաբանություն, լրջություն, հստակություն, օրինաչափություն, օբեկտիվություն, արդարություն, արհեստավարժություն, ճկունություն  և պատասխանատվություն: Օրինակ Հայաստանում հանրային կառավարման համակարգի  արմատական բարեփոխումները, լինելով միանգամայն արդարացված ռազմավարական տեսանկյունից, այնուամենայնիվ ուղեկցվում են մարտավարական վրիպումներով: Կարծում եմ, չի կարող արդարացվել որոշ՝  օրինակ գյուղատնտեսության, մշակութի, սփյուռքի նախարարությունների ներառումը այլ նախարարությունների կազմում: Բացի այդ, չգիտես ինչու, անհասկանալի ձևով ձգձգվում է կառավարության կառուցվածքի հաստատումը:

Մինչդեռ ապրում ենք բավականին բարդ ու պատասխանատու ժամանակաշրջան և մեկ րոպե անգամ հապաղելու իրավունք չունենք: Մենք պատերազմող երկիր ենք, ունենք անվտանգության խնդիր, ունենք տնտեսության զարգացման,սոցիալական և այլ խնդիրներ:Պետք է հնարավորինս կարճ ժամկետում հաստատել կառավարության կազմն ու կառուցվածքը, հրաժարվել կուսակցականացված կառավարումից, ձևավորել բացառապես ընտրյալներից բաղկացած թիմ, անկախ տարիքից, կուսակցական, ազգային, սեռային պատկանելությունից և ժամ առաջ ձեռնամուխ լինել երկրում արմատական և համակարգային բարեփոխումների իրականացմանը: Կուսակցություններն ըստ էության Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են և դրանք թե առաջին, թե երկրորդ, և թե երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են իրենց անձնական ու խմբային նեղ շահերով: Կուսակցության ադամակցության հիմքում շատ հաճախ ոչ թե գաղափարախոսությունն է դրվել, այլ անձնական շահը: Պատահական չէ, որ իշխանություն կորցնելու դեպքում, բոլոր իշխող կուսակցությունները շատ արագ կանգնել են փլուզման եզրին, ինչին ներկայումս էլ ականատես ենք լինում: Գործընթացների նկատմամբ թափանցիկություն, հրապարակայնություն և հանրային վերահսկողություն  ապահովելու համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ  նպատակահարմար է ծավալել քննարկումներ, ներգրավելով ինչպես հանրության լայն զանգվածներին, այնպես էլ մասնագետներին ու գիտական շրջանակներին: Բավական ցածր է պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության մակարդակը, կառավարման գրեթե բոլոր մակարդակներում ու օղակներում նկատվում է պասիվություն և անտարբերություն:Դա պայմանավորված է նաև նրանով, որ պաշտոնյաների մի զգալի մասը դավանափոխ եղածներ են և շահագրգռված չեն հեղափոխության հաջողություններով, իսկ մի մասն էլ անփորձ, չհասունացած և անհայտ կենսագրություն ունեցող մարդիկ են, որոնք անգամ չեն տիրապետում կառավարման վերաբերյալ պարզագույն  գիտելիքների և իրենց գործառույթներին, մարդիկ, որոնք կարող են անգործության մատնել ու արժեզրկել պետական ինստիտուտները:

Դա վտանգավոր է, քանի որ հասարակությունը հետագայում կարող է ալևս լուրջ չընկալել պետական ինստիտուտներն ու պաշտոնյաներին:  Այդ կապակցությամբ Գարեգին Նժդեհը գրել է.  «Մեծ պաշտոններն առանց հոգևոր մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա», իսկ 19-րդ դարի ճանաչված անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական գործիչ և տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլը ասել է. «Պետության արժանապատվությունը վերջին հաշվով, կախված է այն ձևավորող անհատների արժանապատվությունից»: Սերնդափոխությունն անշուշտ օբյեկտիվ անհրաժեշտություն է, սակայն այն պետք է իրականացնել խելամիտ, առանց ցնցումների, աստիճանաբար և հավասարակշռված:  Այս կապակցությամբ Շառլ դե Գոլը այն կարծիքին է եղել, որ. «Ղեկավարի ամենակարևոր խնդիրը, դա ճիշտ մարդուն ճիշտ տեղում նշանակելն է»: Հետհեղափոխական Հայաստանում մենք շատ հաճախ ժողովրդավարությունը շփոթում ենք ամենաթողության հետ: Մինչդեռ այն առաջին հերթին ենթադրում է օրենքի իշխանություն՝ բարձր կարգապահություն և կարգ ու կանոն: Այս և այլ երևույթների դեմ պայքարելու հիմնական ելքը քաղաքական /իշխանական/ այնպիսի ընտրանու ձևավորումն է, որոնց համար պետական/հանրային/ շահը առաջնային են, գործիմաց են, օժտված են կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով և իշխանական լիազորությունները արդյունավետ կօգտագործեն հանրային խնդիրները լուծելու համար:  Դեռևս Լենինն է իր ժամանակին ասել, որ ոչ մի հեղինակություն չի կարող փոխարինել գործիմացությանը: Իսկ գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն այն կարծիքն է արտահայտել, որ «Վատ օրենքներով անգամ, սակայն լավ պետական պաշտոնյաներով միանգամայն կարելի է արդյունավետ կառավարել երկիրը»: Սա խոսում է այն մասին, որ մարդկային գործոնն  ամենաառաջնայինն է: Լավ երկիր կառուցելու և բարձր արժեքներ կրող հասարակություն ունենալու  համար մեկ ճանապարհ կա ընդամենը՝ լավը պետք մեծարել, խրախուսել, իսկ վատը՝ պախարակել և պատժել:

Դեռևս մ.թ. 350 տարի առաջ հույն փիլիսոփա Անտիսֆենը գրել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»:  Ուժեղ պետություն և կայուն հասարակություն ունենալու համար կարևոր նախադրյալ է երկրում արդարության, համերաշխության ու բարիացակամության մթնոլորտի ապահովումը: Շատ կարևոր է նաև, որ երկրում ստեղծված արդյունքը բաշխվի արդար և մարդը գնահատվի ըստ արժանվույն: Պետությունը կարող  է  զարգանալ առաջին հերթին ունենալով կրթական ու գիտական զարգացած համակարգ, հենվելով բացառապես ազնիվ տեսակ և ընտրյալ ծագում ներկայացնողների, արժանապատվություն, հեղինակություն և մասնագիտական, կրթական բարձր մակարդակ ու կազմակերպչական որակներ ունեցող մարդկանց վրա:Իսկ սա ենթադրում է, որ բարեփոխումներն առաջինը պետք է սկսել կրթությունից և պետք է արմատապես փոխել պետության և հասարակության  վերաբերմունքը կրթություն և դաստիարակություն տվող մարդկանց նկատմամբ: Վերջապես պետք է գիտակցենք, որ գիտելիքն այլևս ամենակարևոր ռեսուրսն է աշխարհում և առկա մեր հարուստ մտավոր ու կադրային ներուժն  արդյունավետ օգտագործելու դեպքում մենք կարող ենք լուրջ հաջողություններ արձանագրել:Իսկ հասարակությունը պետք է գուրգուրի և գնահատի իր արժանիներին ու անհատականություններին: Չէ որ նրանք են պատմություն կերտում, Հայաստանն աշխարհին ներկայացնում և երկրի առաջընթացն ապահովում:

Հայը վերջապես սկսում է հասկանալ, որ կայսրություն կամ հզոր և հարուստ հայրենիք ոչ մեկին հենց այպես չի տրվել, որ երբեմնի մեծ և հզոր հայրենիք կորցնելու պատճառը իր մեջ պետք է փնտրի:Որ իր խեղաթյուված արժեհամակարգի, բարդույթների ու արատների՝ նյութապաշտության, փառասիրության, ծառայամտության, ձևամոլության, դյուրահավատության, օտարամոլության և պետություն, օրենքներ ու իշխանություն չհարգելու մեջ է իր կորուստների ու դժբախտությունների հիմնական  պատճառը և պետք է փոխվի՝ հրաժարվի դրանցից:Եթե չփոխվենք և ճիշտ չգնահատենք այս բացառիկ պատմական իրավիճակը , որպես պետություն և ազգ այլևս գոյատևման բարոյական իրավունք չենք ունենա:

Երկու ճանապարհ ունենք կամ պետք է փոխվենք կամ   մեր երկիրն ու պետականությունը կարող են ևս մեկ անգամ լուրջ  սպառնալիքի առջև կանգնել: Իսկ փոխվել նշանակում է՝ ազգովի պետք է որոշենք, որ այլևս ապրելու ենք ազնիվ՝ չենք խաբելու, չենք «քցելու», չենք գողանալու, կաշառք չենք տալու և չենք վերցնելու, չենք քծնելու, չենք դավաճանելու մեր սկզբունքներին, պաշտպանելու ենք մեր իրավունքները և չենք հանդուժելու անօրինականություն ու անարդարություն, պատասխանատվությամբ ենք կատարելու մեր պարտականությունները, հարգանքով ենք վերաբերվելու ազգային արժեքների, պետության և իշխանությունների նկատմամբ, որ լինելու ենք օրինապաշտ, սրտացավ հանրային ունեցվածքի նկատմամբ, ազգային/պետական/ շահը գերադասելու ենք անձնական և կուսակցական շահից, որ արժանապատվությունը, հայրենիքը ու պետականությունը  մեզ համար լինելու  են բացարձակ արժեք և այլն: Կկարողանա՞նք դա անել, ուրեմն աշխարհին կներկայանանք որպես օրինապաշտ, արժանապատիվ, կազմակերպված և քաղաքակիրթ ազգ,  կունենանք նորմալ երկիր ու կապրենք մարդավայել:

Հակառակ դեպքում կշարունակենք մնալ հետամնաց ու աղքատ երկիր: Հայ ժողովուրդն իր գոյության ընթացքում շատ անգամներ է պետություն կերտել և կորցրել, ինչը պետք է միշտ հիշել և անհրաժեշտ եզրակացություններ անել:Սա առավել կարևոր է հիմա, երբ գտնվում ենք ներքաղաքական, բարոյահոգեբանական և աշխարհաքաղաքական բավականին բարդ իրավիճակում և կանգնած ենք արցախյան խնդրի կարգավորման դժվարին մարտահրավերների առաջ: Սփոփանքի ու լավատեսության հուսեր են արթնացնում հայերի մասին Ջորջ Բայրոնի. «Հայերի առաքինությունները իրենցն են, իսկ թերությունները ձեռք բերովի են  և հետևանք են նվաճողների կողմից կեղեքման:Ինչ ապագա էլ ունենան հայերը, նրանց երկիրը միշտ պետք է մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում» խոսքերը: Վերջապես ո՞րն է այն երաշխիքը, որ այլևս չի կարող լինել վերադարձ հնին: Ամենակարևորը՝, որ հայը վերջապես փորձում է սպանել իր միջի ստրուկին և հրաժարվել դարերով կարծրացած արատներից ու բարդույթներից:Հայը այլևս  դարձել է անհաշտ ու անհանդուրժող անարդարությունների ու  անօրինականությունների նկատմամբ:

 

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930