Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը պետք է մշակի աշխատանքային քարտեզ

Ապրիլ 11,2019 15:59
Ս․թ․ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի օրակարգային հիմնական հարցը եղել է առաջիկա լիագումար նիստի նախապատրաստական հարցերի քննարկումը։ Նախապատրաստվող նիստը լինելու է Հանրային խորհրդի ձևավորումից հետո անդրանիկ լիագումար նիստը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ՝ որոշակի ոլորտների և խորքային խնդիրների առումով հստակեցնելով իր տեսլականն ու նպատակները, առաջիկա մի քանի տարիների ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները։

Իբրև հրատապ հարց՝ որոշվել է դիմել ՀՀ վարչապետին հանձնարարելու համապատասխան մարմիններին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը հաստատելուց առաջ: Առաջարկն արել է ՀԽ անդամ, խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը՝ հաշվի առնելով Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների համագործակցության կարևորությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև բյուջետային   հայտերի   կազմման   գործընթացն   առավել   թափանցիկ, ներառական և նպատակային դարձնելու անհրաժեշտությունը։

Լիագումար նիստի օրակարգային հարցերը հստակեցնելու և նախապատրաստելու նպատակով որոշվել է կազմակերպել քննարկում Հայաստանի կրթության և գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

Որոշվել է Հայաստանի տնտեսական ոլորտի խնդիրները, ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել լիագումար նիստի օրակարգ։ Այդ նպատակով կկազմակերպվի նախնական քննարկում Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի, ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի,  ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների  նախագահների, Հանրային խորհրդի որոշ անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կհամակարգի Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Լիագումար նիստից առաջ կկազմակերպվի քննարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության և անցումային արդարադատության թեմայով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից։

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930