«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով, Հայաստանի հետհեղափոխական իշխանությանը ժամանակ տալուց բացի, պետք է նաեւ ցույց տալ գաղափարների այն տեղապտույտը, որը այսօր կատարվում է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տիկին Դիլբարյանն ասաց, որ «Ժառանգությունը» կփորձի արդեն ավելի լուրջ դերակատարություններ ունենալ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կյանքում` երեւան հանելով հայտարարությունների եւ գործողությունների հակասությունները`նաեւ այլ ուժերի հետ համագործակցելով: Խոսքը բոլոր այն ուժերի մասին է, ովքեր համարում են, որ հեղափոխության հռչակած արժեքները ճիշտ են:
Դիտարկմանը՝ նախկին իշխող ՀՀԿ-ն էլ մտահոգություններ ունի եւ դրանք բարձրաձայնում է, Նարինե Դիլբարյանը պատասխանեց, որ իրենց եւ ՀՀԿ-ի մտահոգությունները տարբեր են: Ինչեւէ, ռազմավարական առումով հնարավոր է համարում ՀՀԿ-ի հետ էլ համագործակցությունը, մարտավարական առումով` ոչ, քանի որ «Ժառանգությունն» այն ուժն է, որը մշտապես է քննադատել ՀՀԿ-ի գործելաոճը: «ՀՀԿ-ն դեռ պիտի քավարան անցնի»,- ասաց տիկին Դիլբարյանը:
Նա նկատում է, որ հասարակությունն առ այս պահը բաժանված է սպիտակների եւ սեւերի, հեղափոխականների եւ հակահեղափոխականների եւ կա գայթակղություն`ցանկացած քննադատություն անվանել հակահեղափոխականություն: «Բայց հակահեղափոխականությունը լռելն է»,- ասաց բանախոսը` նկատելով, որ անցումային արդարադատության մասով, որ խոսվում էր ի սկզբանե, ոչինչ չի արվում, քաղաքական լյուստրացիա չի արվում, փորձ է արվում ֆեյքերի դեմ պայքարել, բայց, իր կարծիքով, քաղաքական լյուստրացիան կտար շատ պատասխաններ:
Հին ուժերի ռեւանշը, ըստ Նարինե Դիլբարյանի, միայն հին գործիչների վերադարձով չէ, նաեւ նորերի գործելակերպում է նա տեսնում նախկինի վատ միտումներ: Ասում է`քաղաքացու իրավունքների մասին խոսելով`սահմանափակ թվով քաղաքացիների իրավունքներն են պաշտպանվում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Լրագրողները հետաքրքրվեցին`իսկ որտե՞ղ է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց`Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքամայր Երեւանում է, նրա եւ «Ժառանգության» կապը կտրվելու մասին լուրերն էլ ստահոդ են: Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքով կուսակցության չներկայանալն էլ, ասում է` «մարդ-կուսակցություն» վիճակին չհանգելու համար է: Նաեւ փաստում է, որ այդ խնդիրը իրենք չեն ունեցել, քանզի կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ղեկավարներ է ունեցել, շատ ժամանակ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հիմնադրած կուսակցությունում հայտնվել է փոքրամասնության շարքերում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ