Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց, որ Մատենադարանի վավերագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն կա Հյուսիսային Կովկասի ժողովուրդների կողմից: Ասաց, որ բազմաթիվ այցելություններ են եղել Մատենադարան`չեչենների, ինգուշների եւ լեզգիների, ավարների ու այլոց: Մասնավորապես Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, ներքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովն այցելել է Մատենադարան ու ինստագրամի իր էջում գրել, որ ցնցված է Մատենադարանից ստացած տպավորությամբ:
«Ճիշտ ասած, տեղեկությունների մի զգալի մասը կարելի է քաղել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» եւ Աշխարհացույցից: Կոնկրետ չեչենների պարագայում մի հիշատակություն կար իրենց նախնիների մասին` Աշխարհացույցում: Իսկապես դրանք բացառիկ տեղեկություններ են: Այդ ժողովուրդներն այլ աղբյուրներ չունեն իրենց պատմության հնագույն շրջանի վերաբերյալ»,-փաստեց Մարենադարանի տնօրենը:
Վահան Տեր-Ղեւոնդյանը մի ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց. «Մատենադարանում պահվում է հայատառ ղփչաղերեն ձեռագիր: Այս ձեռագրերի հանդեպ բավականին մեծ հետաքրքրություն կա ղազախների եւ կիրգիզների մոտ, որովհետեւ մինչեւ 19-րդ դարն այդ ժողովուրդներն ընդհանրապես գրավոր որեւէ վավերագիր չեն ունեցել, իսկ հայատառ ղփչաղերենը հնարավորություն է տալիս 16-17-րդ դարի վիճակով տեսնել, թե այդ լեզուն իրենից ինչ է ներկայացնում, ինչ է ասվում, քանի որ այդ շրջանում միայն հայատառ է գրվել:
Ղրիմում ապրող հայերը ապրելով ղփչաղախոս կամ թյուրքախոս շրջապատում, իսկ ղփչաղերենը թյուրքական լեզուներից մեկն է, դարձել են երկլեզու, նաեւ ղփչաղերենի կրողը, սակայն շարունակել են գրել հայատառ: Անգամ ձեռագրեր ունենք, որոնց մեջ մի հատված հայերեն է գրված, մի հատված հայատառ ղփչաղերենով ու այդպես դրանք հետեւում են միմյանց հատված առ հատված: Ի դեպ, ղազախները հսկայական հետաքրքրություն են ցուցաբերում Մատենադարանի հանդեպ, ամեն տարի գալիս են պատվիրակություններով, բայց ինքներս էլ պետք է ուսումնասիրենք այդ ամենը: Ունենք մասնագետ, որն այդ ուղղությամբ աշխատում է»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ