Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանի եւ «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ հանդիպմանը քննարկվել են հայալեզու գովազդին, «Google Maps»-ին առնչվող խնդիրները

Ապրիլ 11,2019 15:40
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գուգլ (Google) ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։
Մասնավորապես կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալու, թե ինչն է ներկայում Հայաստանում առավել ընդունելի՝ դրանով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը։
Քննարկվել են նաև մոնետիզացիան վիդեոբլոգերների և լրատվամիջոցների համար ակտիվացնելուն ուղղված քայլերը։
Նախարարը նշել է, որ ներկայում շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկրներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ, այսինքն՝ հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։ «Google»-ի հետ գլոբալ խնդիրն այն է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։
Առաջ է քաշվել հայալեզու գովազդի խնդիրը «Google AdSense»-ի մակարդակով լուծելու հարցը։ Նշվել է, որ դրա անհասանելիությունն ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, հայաստանյան լրատվականներին թույլ չի տալիս այս գործիքակազմի միջոցով ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն, որը տրամադրում է «Google»-ը։
Ներկայացված խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի հայաստանյան և հայալեզու վիդեոարտադրանքը զարգացնելու համար։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ այն կխթանի նաև խոսքի և կարծիքի ազատությանը Հայաստանում, ինչպես նաև մեծ ներդրում կլինի աշխարհասփյուռ հայերի համար՝ հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։
Քննարկվել են այն հստակ քայլերը, որոնց լուծման արդյունքում Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը հնարավորություն կունենան ավելի համապարփակ օգտվել «Google»-ի և «Youtube»-ի ծառայություններից։
Անդրադարձ է եղել «Google»-ին առնչվող մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ «Google Maps»-ում տեղ գտած անճշտություններին, ինչի պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդացված է և որոշ ճանապարհներ քարտեզի վրա գծագրվում են խիստ սխալներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը Սառա Քլատերբակին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին, խնդրել նաև պաշտոնական հրավերը փոխանցել Գուգլ («Google») ընկերության ղեկավարությանը։
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930