«Անցյալ տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում ու սրտում: Չի եղել բացարձակապես որևէ օտարերկրյա ուժ, որ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ իր համար առանձնահատուկ իմաստ ու նշանակություն ունի այս ամբիոնից խոսելը, քանի որ 1999-ին որպես «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր չհայտնվեց բանտում, քանի որ ՀՀ-ն այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ, և ՀՀ էր այցելելու ԵԽԽՎ նախագահ Ռասել Ջոնսոնը: Այդ ժամանակ իշխանությունները հասկանում էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ: Այնուհետև վարչապետը պատմեց, որ 2011-ի ձմռանը, երբ բանտում էր, իրեն այելել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը նկարագրեց, թե ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չկատարեց իր խոստումը, և իրենց սկսեցին քայլարշավ, որին միացան երեխաները, նրանց ծնողներն ու տատիկ պապիկները:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև տնտեսական հեղափոխությանը, որ ՀՀ-ն դառնալու է տեխնոլոգիական առաջամարտիկ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հաջողվել է ՀՀ-ից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ամենօրյա ռեժիմով կրճատում են ստվերային ռեժիմը: Ըստ վարչապետի՝ ՀՀ-ում վերջին ամիսներին ստեղծվել է 50.000 աշխատատեղ:
Կարդացեք նաև
Դառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներին: Ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ: Կարևոր է, որ Ալիևի հետ մենք կարողացել ենք կառուցողական երկխոսություն սկսել, բայց միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավական չէ հարցը կարգավորելու համար: Կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մեր հանրություններին պատրաստենք խաղաղության, այլ ոչ պատերազմի: Ցավոք մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում ադրբեջանական կողմից, հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հնչած ուղերձը ադրբեջանական հասարակության շրջանում կստանա համարժեք արձագանք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պատահական չէ, որ այս ամբիոնը անվանեց խաղաղության ամբիոն ու մանրամասնեց. «Սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությանը, սադրանքը՝ կառուցողական աշխատանքին: Ցավոք, ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմ հրահրելու համար: Այս առումով չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016-ի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված ապրիլյան պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին հարձակման գործողությունների համար: ԼՂ հակամարտության կարգավորման հարցով պետք է զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Բայց չի նշանակում, որ ԵԽ-ն հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար 0 ուշադրություն է դարձնում Արցախում գործող կազմակերպություններին, քաղհասարակությանը, ԵԽԽՎ-ն միջոց չի ձեռնարկում Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության համար: Սրա բացատրությունն այն է, որ ԼՂ կարգավորման վերաբերյալ տարընթերցումներ կան, որ այն միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Մի՞ թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ ԵԽ-ի համար, առաջնայինը փաստաթուղթն է, այլ ոչ թե իրական մարդը:
Այս բարձր ամբիոնից կոչ եմ ուզում հղել ԵԽ-ին և եվրոպական այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ, աջակցեք ԼՂ ժողովրդին, կատարելագործել իրենց օրենքներն ու ինստիտուտները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Դրանից շահելու է մարդը, քաղաքացին, իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ: Հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ն հենց այս սկզբունքներով կառաջնորդվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ