«Ժառանգություն» կուսակցությունը նպաստեց հեղափոխության վերջնականապես իրականացմանը: Նման հայտարարություն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում արեց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը` հավելելով. «Մեր ողջ մարդկային կապիտալը դրել ենք հեղափոխության իրականացման հիմքում»:
«Ժառանգությունում» ողջունում են հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, բայց արձանագրում են, որ հին եւ նոր Հայաստանների ինը ամիսների ճամփաբաժանի արդյունքում տեղի ունեցող իրադարձությունները նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում: «Մենք կարծում ենք, որ գործող իշխանությունների` Հայաստանը բարեփոխելու ճանապարհի մեթոդոլոգիան սխալ է ընտրված: Վերջին իրադարձությունները դրա վառ վկան են»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը: Նա նկատի ունի մաքսատանը տեղի ունեցած միջադեպը, երբ ՀՀ պետական խորհրդանիշ դրոշի` ոչ պատշաճ վիճակում լինելու համար, վարչապետը երեք աշխատակիցների հրահանգել էր` աշխատանքից ազատման դիմումներ գրել: Կուսակցության նորընտիր նախագահը վստահ է` Հայաստանի բոլոր պետական հիմնարկներում պետք է հարգվի պետական դրոշը եւ մնացյալ խորհրդանիշները, սակայն, նոր Հայաստանում, ՀՀ քաղաքացին պետք է իրեն նվաստացած չզգա: ՀՀ քաղաքացու նվաստացման միտումներ բանախոսը տեսնում է:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրանիկ Գրիգորյանի համար դրվատանքի արժանի է Նիկոլ Փաշինյանի` Պապ թագավորի ճանապարհը անցնելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը եւ անգամ իր կյանքի գնով նպաստելու Հայաստանի զարգացմանը: Բայց կարծում է, որ իր առերեսումը պատմության հետ կիսատ է: Նա հիշեցնում է Բագրատունյանց Սմբատ թագավորի օրինակը, որը կործանեց թագավորությունը` առաջնորդվելով յուրային եւ օտար սկզբունքով:
«Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվելու տարրեր են նկատվում: Վարչապետի քայլերը տանում են միակուսակցական արատավոր համակարգի վերականգմանը: Հեղափոխական ուժի առաջնորդը պետք է եզրահանգումներ անի»,-նկատեց Անդրանիկ Գրիգորյանը` հնչեցնելով իրենց բարեկամական կոչը` հրաժարվել դրանից եւ անցած տարվա հեղափոխությունից եկող դրական ազդակները գեներացնել ի նպաստ երկրի ու պետության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ