Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժեց: Պաշտպանները բողոքել էին Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, թե դատավարության ընթացքում ինչ են ասել դատախազները ու իր զարմանքն էր արտահայտել: Մասնավորապես, դատախազներից մեկը Քոչարյանի գործով նիստի ժամանակ ասել է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է 2009-ին դատախազությունը 7 անձի նկատմամբ, այդ թվում՝ Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի, նույն քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրել այն հիմքով, որ 300 հոդվածը 2008-ին գոյություն ունեցող նորմի համեմատ վիճակը վատթարացնող նորմ է: Մի բան, որ հիմա Քոչարյանի նկատմամբ չեն ընդունում:
Ալումյանի խոսքով՝ «Ես չեմ հասկանում, կարող է մի քանի ամիս հետո դատախազությունը հիմա էլ այս իրենց դիրքորոշումը քննադատի, ես չգիտեմ, թե ինչ պարբերականությամբ են իրենց դիրքորոշումները փոխվում: Միգուցե այնպիսի փուլ ընտրենք, որ էն մյուս դիրքորոշման լինեն»:
Մենք Ալումյանին հարցրեցինք՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասաց՝ իրավաբանութունը երբեմն «բեջուռա կենդանի» է թվում, չե՞ք կարծում, որ ուղղակի կարճատեսություն է այս դեպքում ասել, որ դատախազությունը ինստիտուցիոնալ հիշողություն չունի, չէ՞ որ բոլորս էլ կարող ենք ընկալել, որ այդ հոդվածներին քաղաքական շապիկ տալու համար ոնց ուզեին՝ կփոփոխեին՝ Ալումյանը պատասխանեց. «Մի անգամ է փոփոխվել հոդվածը, 2008-ի 300 հոդվածից առանձնացվել է մի հատված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, դա դարձել է առանձին բացված հոդված, որը հիմա 300.1 հոդվածն է: 2009-ին դատախազությունը 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ ասելով, որ 300.1 հոդվածը քանի որ պատասխանատվությունը ծանրացնող է, չենք կարող կիրառել 2008-ի իրադարձությունների վերաբերյալ գործով: Հիմա էդ նույնը դատախազությունը էդ նույն հոդվածներն են, ոչինչ չի փոխվել, միայն դատախազների ազգանուններն են փոխվել, մի բան է փոխվել՝ ամբաստանյալի՝ մեղադրյալի անուն-ազգանունը: Մեղադրյալի ով լինելն է փոխվել: Եվ այն ժամանակ նույն դատախազությունը 7 հոգու վերաբերյալ մի կարծիք էր հայտնում, հիմա ոչ թե տարբերվող, այլ տրամագծորեն հակառակ իրավական դիրքորոշում է հայտնում, մի բան էլ սուր քննադատում»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ եթե այդ ժամանակ զանգերով արդարադատություն են իրականացրել, հետեւաբար նաեւ հրահանգավորված մեկնաբանություններ են տվել գործերին ու հոդվածներին՝ Ալումյանը պատասխանեց. «Այն ժամանակվա ոչ դեմոկրատական իշխանություններն էին 2009-ին եւ էն ժամանակվա 7 կարկառուն ընդդիմադիրների մասին էր խոսքը գնում, բայց այն ժամանակվա ոչ դեմոկրատական իշխանությունը այդ 7 ընդդիմադիրների նկատմամբ քրգործը դադարեցրեց: Հիմա մեր թավշյա եւ դեմոկրատական ներկայում կա իշխանություն, որն ասում է՝ չէ, պետք է 300.1 հոդվածը կիրառել»:
Ալումյանն ասաց, որ եթե այն ժամանակ դատախազները սխալ էին, դե ուրեմն պետք է վերաբացեն այն 7 հոգու գործը. «Այնտեղ մարդիկ կան, որոնց ուղղակի մեղադրանք էլ չի առաջադրվել, որովհետեւ այն ժամանակվա իշխանությունները, եթե դուք դա վերագրում եք իշխանություններին, գտնում էր, որ 300.1 հոդվածը վատթարացնող է: Թող, ուրեմն մեղադրանք էլ առաջադրեն նրանց, ում ժամանակին մեղադրանք էլ առաջադրված չի եղել: Հիմա դուք կտեսնեք քանի հոգու այդ մեղադրանքը պետք է առաջադրվի եւ ինչ պաշտոններ են նրանք հիմա զբաղեցնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ