Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը «Սպայկայի» մասին. քննիչն ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի՝ ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը

Ապրիլ 11,2019 15:15

«ՊԵԿ նախագահը կամ վարչապետն այս պահին այդքան էլ իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնել, որովհետև արդեն իրավական գործընթաց է գնում: Այստեղ ամենակարեւոր մարդը քննություն իրականացնող քննիչն է: Եթե քննիչն ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի՝ ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքն այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի կալանավորմանը:

Հիշեցնենք,որ «Սպայկայի» տնօրենը մեղադրվում է հարկային պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար:

Դավիթ Անանյանի խոսքով, դատարանն է այդպիսի որոշում կայացրել. «Այսինքն՝ իրավական գործընթաց է գնում: Իսկ իրավական գործընթացի վերաբերյալ ՊԵԿ նախագահը կամ վարչապետը չեն կարող որեւէ գնահատական տալ»:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ հնարավոր է «Սպայկայի» չվճարած հարկերն ավելանան եւ հասնեն անգամ 30-40 միլիարդ դրամի, պարոն Անանյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելն այս դեպքում ճիշտ չէ. «Ուղղակի զրույցի ժամանակ վարչապետն ասաց՝ 7, 14, 30, ինքը թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ 7 միլիարդը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: Բայց նաեւ կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման գործընթացում են: Այդ հաշվարկների արդյունքը եւս կտեղեկացվի»: ՊԵԿ ղեկավարը նույնպես չբացառեց, որ «Սպայկայի» չվճարած հարկերը 7 միլիարդից էլ ավելի են լինելու:

Անանյանն ասաց, որ ընկերության տնօրենի նկատմամբ հետապնդում չկա եւ որ Դավիթ Ղազարյանի տեսակետը չի կիսում:

ՊԵԿ ղեկավարն ասաց, որ չեն ուզում,որ «Սպայկայի» գործունեությունը խաթարվի եւ ամեն ինչ անելու են, որ աշխատի, բայց իրենք «դիլեմայի» առաջ են կանգնած:

ՊԵԿ ղեկավարը, պատասխանելով Դավիթ Ղազարյանի այն մեղադրանքներին, թե դեռեւս նախորդ տարի ընկերությունը ստիպված վճարել էր ՊԵԿ կողմից չհիմնավորված ավելի քան 2 մլրդ դրամի հարկային պարտավորությունը, քանի որ իրենց հաշիվները կալանքի տակ էին, ասաց. «Ես այդ հարցին չեմ էլ անդրադառնա ընդհանրապես, որովհետեւ էլի կար քրեական գործ, այդ գործը մի պահ կասեցվեց, քրեական գործից առանձնացվեցին որոշ դրվագներ եւ այդ դրվագի վերաբերյալ կազմակերպությունը ներկայացրել է ճշտված հաշվարկներ: Այդ գումարները ՊԵԿ կողմից չեն առաջադրվել իրենց, կազմակերպությունն ինքն իր վարքագծով, այսինքն՝ ճշտված հաշվարկ ներկայացնելով՝ ինքնահայտարարագրել է այդ պարտավորությունները: Հիմա, եթե իրեն թվում է, որ այդ ինքնահայտարարագրումը եղել է մեր ճնշման ներքո, ինքը նույն հաջողությամբ կարող է ինքնահայտարարագրել նորից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Անանյանից հարցրեք:
    1, Իր իսկ ասելով այս տարի մարդիկ մեծ ավտոներով թուրքական լոլիկ են բերե 50կգ անոց պարտիաներով ներմուծել երկիր: Ընդ որում էտ լոլիկը տեղական շուկայումա վաճառվել: Էտ առիթով գործ կա հարուցված թե ոչ՞
    2. Բոլոր խոշոր բիզնեսների հետ կապված 3,5,25 տարի հետ եք գնալու գործեր հարուցեք՞
    Օրինակ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Սամվել Ալեքսանյանի բիզնեսների հարկերից խուսափելու մասով ինչ տեղեկութուններ ու արդյունքներ ունեք: Կան հարուցված քրեական գործեր՞

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930