Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժեց: Պաշտպանները բողոքել էին Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ գործի նյութերին այս ընթացքում շարունակում եք ծանոթանալ, որեւէ նոր բան կա՞՝ պատասխանեց. «Գործի նյութերում շատ բաներ կան, ցանկացած բան իր մեջ ինչ-որ նորություն լինում է, բայց դա չի դուրս գալիս այն շրջանակից, ինչ մենք նախապես արդեն գիտեինք: Մեր բոլոր սպասելիքները, կապված քրգործի հետ, արդարանում են, հետզհետե ավելի ու ավելի: Ցանկացած բան, որ մենք պնդել ենք, վերստին հաստատվում է»:
Ալումյանը պատմեց, թե դատավարության ընթացքում ինչ են ասել դատախազները ու իր զարմանքն արտահայտեց. «Օրինակ, դատախազների փաստարկներից մեկը երեկ այս դատավարության ընթացքում կայանում էր նրանում, որն իրենք 0038 հրամանի մասին իմացել են ընդամենը մեկ տարի առաջ, դրա համար նոր սկսել են այս բոլոր հանգամանքները բացահայտել, մոտավորապես այս մակարդակի իրավական վեճ են ծավալել:
Դատախազներից մեկն էլ, դե գիտեք, մեր փաստարկը այն էր, որ 300.1 հոդվածը, որ այսօր պարոն Քոչարյանին մեղսագրված է, 2008-ին գոյություն չուներ, իսկ 2008-ին գոյություն ունեցող 300 հոդվածի համեմատ անձի վիճակը վատթարացնող է ու չի կարող մեղսագրվել պարոն Քոչարյանին բոլոր պայմաններում, եւ օրինակ էինք բերել, որ 7 անձի նկատմամբ՝ Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան, նույն դատախազությունը 2009-ին քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կաjացրել՝ հենց հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 300 հոդվածը 2008-ին գոյություն ունեցող նորմի համեմատ վիճակը վատթարացնող նորմ է: Մենք սրա վրա հիմնվում էինք, եւ դատախազըհետեւյալ փաստարկն է բերում՝ խստագույնս քննադատեց այն դատախազներին, ովքեր 2009-ին այդ որոշումն են կայացրել, էդ որոշումը քննադատեց ու ասեց՝ ես չեմ էլ հասկանում՝ ինչի՞ են այն ժամանակ այդպիսի որոշում կայացրել: Իքս դատախազը դատարանում իր անունից չի հանդես գալիս, այլ՝ դատախազության, այն ժամանակ այն 6 դատախազները, որոնք համարում էին, որ վիճակը վատթարացնող նորմ է դա, նրանք էլ էին դատախազության անունից հանդես գալիս: Ու ի՞նչ է ստացվում՝ դատախազությունն էսօր ասում է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է 2009-ին դատախազությունն այդպիսի որոշում կայացրել: Սա…սա…անհեթեթության գագաթնակետին ենք երեւի արդեն հասել»:
Կարդացեք նաև
Ալումյանն ասաց, որ այս ամեն ինչով հանդերձ մեր դատարանները շարունակում են ենթարկվել այն սկզբունքին, որ «գործի նյութերն ուսումնասիրիր, բայց կալանքը ուզես-չուզես՝ պիտի տաս»:
Ալումյանն ասաց, որ Քոչարյանը շատ ժամանակ ունի եւ գործի նյութերին ծանոթանալու առումով իրենցից՝ պաշտպաններից ավելի առաջ է ընկել, բայց դեռ ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ. «Մենք առանձնացրել ենք ցուցմունքներ, որոնցով իսպառ հերքվում են մեղադրանքները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ