Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Փաշինյանի խոսքը, որ հանրապետականները գեյ-ակտիվիստներ են, ուզում են ցույց տալ, որ ո՛չ, հակառակը՝ նրանք են այդպիսին, իսկ իրենք, այսպես ասած, ավանդական արժեքների կրողներ են». «168 ժամ»

Ապրիլ 11,2019 13:46

Հարցազրույց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

– Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցից առաջ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ երկրների դեսպանները մտահոգություն հայտնեցին ԱԺ-ում տրանսգենդերի հետ կապված միջադեպի արձագանքների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ-ն էլ նրանց կոչ արեց ձեռնպահ մնալ և առավել հարգանք ցուցաբերել հայկական հասարակության հանդեպ։ Ինչպե՞ս կբնորոշեք այս իրավիճակը, ինչի՞ կարող է այն հանգեցնել։

– ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, նաև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լսելով՝ կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների համար այսօր ամենակարևոր հարցը ՀՀ-ի հանրության շրջանում իրենց վարկանիշի պահպանումն է: Նկատի ունեմ, որ, քանի որ մեր հանրությունը կարծրատիպային մտածողություն ունի և հոգեբանորեն պատրաստ չի փոքրամասնություններին պաշտպանելուն, և նույն իշխանությունների դեմ երբեմն արհեստական ձևով մեղադրանքներ են առաջադրվում՝ գրգռելով հասարակության այդ զգացմունքները, իբր նրանք պաշտպանում են փոքրամասնություններին, նրանք էլ հակադարձում են։ Օրինակ՝ 2 օր առաջ Ն. Փաշինյանի խոսքը, որ հանրապետականները գեյ-ակտիվիստներ են, ուզում են ցույց տալ, որ ո՛չ, հակառակը՝ նրանք են այդպիսին, իսկ իրենք, այսպես ասած, ավանդական արժեքների կրողներ են։

Այս բանավեճերի հիմնական խնդիրն է՝ հանկարծ մեզ՝ իշխանություններիս, չհամարեք, որ մենք փոքրամասնությունների պաշտպան ենք, ո՛չ, մենք ավանդական ընտանիքի կողմնակից ենք։ Սա զուտ քաղաքականություն է՝ վարկանիշի պահպանման համար, որպեսզի հանկարծ հասարակության մեջ այլ կարծիք չունենան իրենց մասին։ Սա ՀՀ իշխանությունների համար ավելի գերակա է, քան ՀՀ-ի միջազգային պարտավորությունները և ՀՀ միջազգային վարկը։

– Ն. Փաշինյանն այդ միջադեպը սադրանք անվանեց «Իմ քայլի» դեմ, իսկ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն իր հերթին հայտարարեց, որ, եթե դա սադրանք է, ապա սադրանք է ոչ թե «Իմ քայլի», այլ՝ ԲՀԿ-ի դեմ։ Ո՞ւմ է ձեռնտու այդ սադրանքը։

– Միանգամայն ճիշտ եք ասում։ Ի՞նչ նկատի ունեն՝ «սադրանք» ասելով։ Ն. Փաշինյանը նկատի ուներ, որ, երբ այսօր իշխանությունն իրենցն է, և ԱԺ-ում այդպիսի ելույթը սադրանք էր իրենց իշխանության նկատմամբ, նպատակ ուներ վարկաբեկել իրենց իշխանությունը, իսկ Գ. Ծառուկյանն էլ, քանի որ նիստը վարողն իր կուսակիցն էր, համարեց, որ դա Նաիրա Զոհրաբյանի, այսինքն՝ ԲՀԿ-ի հանդեպ էր սադրանք, քանի որ նրա նիստի նախագահության ժամանակ է այդ ելույթը եղել։

Նորից անդրադառնանք վերը նշածս հարցին, որ երկու կողմն էլ ցանկանում են հանրությանը ցույց տալ, որ իրենք մարդու իրավունքների պաշտպաններ չեն, իրենց համար այդ արժեքները կարևոր չեն, իրենց համար կարևոր է հասարակական աջակցությունը։ Եվ եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն անխտիր՝ թե՛ խորհրդարանական, թե՛ ոչ խորհրդարանական, որովհետև որևէ մեկը չհակադարձեց դրան, լինեին 19-րդ դարում, պայմանական եմ ասում, նույն կերպ կպաշտպանեին նահապետական բարքերը, երբ աղջկան 8 տարեկան ամուսնացնում էին, հարսը կեսուրի ծոցն էր քնում։ Հովհաննես Թումանյանի «Անիծած հարսը», որ հարսը տանը խոսելու իրավունք չուներ, և եթե որևէ համարձակ կին ասեր, որ հարսը տանը խոսելու իրավունք ունի, և նրանք չպետք է անչափահաս ամուսնանան, այս նույն պատմությունը կլիներ, կասեին՝ պրովոկացիա է սրա կամ նրա դեմ։ Այժմ այդ նույն մտածողությունն է տիրում Հայաստանում, ինչ 19-րդ դարում էր։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930