Որքան էլ կարող է արդարացված լինել թաքցված գումարները բացահայտելու ձգտումը, դա պետք է արվի այնպես, որպեսզի տնտեսությունն ու հասարակությունը հնարավորինս քիչ վնասներ կրեն դրանից։ Ի վերջո, ցանկացած գործարարի սնանկացումից տուժում է ոչ միայն ինքը։
Եվ, որ շատ կարևոր է, այս ամենը բոլորովին էլ չի բխում երկրի գործարար մթնոլորտի շահերից։ Հազիվ թե կարելի է կարծել, որ նման պայմաններում կարող են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացվել։ Ընդ որում, խոսքը ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումներին է վերաբերում։
Այդ ո՞ր գործարարը կգնա ներդրումներ անելու, երբ գիտի, որ վաղն իրենից պատասխան են պահանջելու ոչ միայն ներդրումների, այլև տարիներ առաջ իրականացված գործունեության հետեւանքով հարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար: Ու չի բացառվում, որ նույնիսկ հայտնվի ճաղերի հետևում, այնպես, ինչպես «Սպայկայի» սեփականատերը։
Սա լուրջ ահազանգ է գործարարության համար։ Հատկապես որ, ցանկության դեպքում գրեթե ցանկացած գործարարի մոտ կարող են նման երևույթներ բացահայտվել։ Չի բացառվում, որ այդպես շարունակվելու դեպքում շուտով առնչվենք նաև բիզնեսի փախուստի հետ։
Կարդացեք նաև
Հազիվ թե սա որևէ մեկին, այդ թվում՝ կառավարությանը, կարող է ձեռնտու լինել։ Ուստի, եթե կա հարկերի վճարման հետ կապված խնդիր, և իրականում կա, ապա դա պետք է փորձել լուծել ոչ թե բիզնեսը վնասելու կամ ոչնչացնելու, այլ փոխհամաձայնության տարբերակներ գտնելու ճանապարհով։ Մի բան, ինչից կշահի պետական բյուջեն, չի տուժի նաև բիզնեսն ու տնտեսությունը։
Թե ո՞ր ճանապարհով կգնա կառավարությունը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում միանշանակ է, որ երկրին ու տնտեսությանը ոչ թե նոր ցնցումներ են պետք, այլ կայունություն և հանգստություն։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում