Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Տեր-Ղեւոնդյանը` Բոլիվիայի ֆորումի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համահարթեցումից հնագույն երկրների զզված լինելու մասին

Ապրիլ 11,2019 12:55

Հայաստանը մարտի վերջին Բոլիվիայում մասնակցել է Հնագույն քաղաքակրթություն ունեցող պետությունների ֆորումին: Անցյալ տարի ամռանը ֆորումի հիմնադիր 8 անդամների՝ Բոլիվիա, Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Իտալիա, Պերու, համաձայնությամբ, մեր երկիրը դարձել է լիիրավ անդամ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում հայտնեց Մատենադարանի տնօրեն Վահան-Տեր-Ղեւոնդյանը:

Սա համազգային, համապետական նշանակության իրադարձություն է: 2016 թ. Հունաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է բոլորովին նոր միջազգային կազմակերպություն, որը կոչվում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորում:

2 տարին մեկ կազմակերպվում են միջազգային հանդիպումներ, որին մասնակցում են արտաքին գործերի նախարարները կամ բարձրաստիճան աշխատակիցները, իսկ դրանից 6 ամսիս անց նույն տեղում կազմակերպվում է ակադեմիական ֆորում, որտեղ, բացի դիվանագետներից մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ ակադեմիական շրջանակներից, գիտնականներ, թանգարանագետներ, ազգագրագետներ եւ այլն: Առաջին այդպիսի ֆորումը եղել է Աթենքում: Երկրորդ ֆորումը կազմակերպվել է Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, որին նաեւ Հայաստանն է մասնակցել»,-ասաց պարոն Տեր-Ղեւոնդյանը:

Մատենադարանի տնօրենը կարեւորեց Հայաստանի` լիիրավ անդամ դառնալը, քանի որ այնտեղ ընդամենը 9 անդամ-պետություն է ընդգրկված, եւ իր խոսքերով Հայաստանն էլ պատվավոր դիրքերում է:

«Հաջորդ ֆորումը կկայանա Չինաստանում, հույս ունենք մյուսը Հայաստանում անցկացնել: Այստեղ հիմնականում քննարկվում, հայտարարություններ են ընդունվում` կապված հնագույն մշակույթների, հնագույն քաղաքակրթությունների նյութական եւ ոչ նյութական ժառանգության պահպանման, ժառանգությունների միմյանց ծանոթացնելու եւ այլ թեմաներով:

Սա այն դեպքն է, որտեղ մշակույթը նպաստում է քաղաքականությանը: Խոսքը այսպես կոչված «փափուկ ուժի» մասին է, այսինքն, երկրի մշակութային լեզվական ազդեցության տարածումը նպաստում է երկրի կշռի մեծացմանը քաղաքական ասպարեզում: Ահա այդ երկրները այս ճանապարհն են բռնել եւ շատ լավ է, որ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է»:

Մանրամասն տեսանյութում` քիչ անց:

Ֆորումին մասնակցության սկզբունքը Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքերով, հնագույն քաղաքակրթություն ունենալն է, այսինքն` առնվազն 1500-2000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկրներ են այնտեղ ընդգրկված:

«Հնդկաստանը եւ Մեքսիկան ֆորումում հանդես են գալիս որպես դիտորդներ, հնարավոր է հետագայում լիիրավ անդամներ դառնան: Իսկ Սիրիան, Լիբանանը, Իսրայելը եւ Պաղեստինը անդամ երկրների թվում չեն: Հավանաբար նրանց չեն ընդգրկել քաղաքական ցնցումներ չառաջացնելու նպատակով»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

Նրա կարծիքով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ստեղծումը մի քանի պատճառ ունի, որոնց մասին չի բարձրաձայնվում. «Չէի ուզենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննադատողի դերում հանդես գալ, բայց համենայն դեպս, սխալ չի լինի, եթե ասենք, որ համահարթեցման մոտեցում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ասենք, երբ Հունաստանն ու Իտալիան մասնակցում են, հանկարծ Բոտսվանան ու Մոզամբիկը կամ Կոնգոյի ինչ-որ ցեղ չնեղանան: Այնտեղ մտածում են, որ եթե համարյա բոլոր ժողովուրդները մի քանի երգ, պար, ուտելիքի տեսակ ունեն, ուրեմն բոլորին կարելի է նույն հարթության վրա դնել: Այս մոտեցումից մի քիչ զզված են հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդները»:

Մյուս պատճառին Մատենադարանի տնօրենն անդրադարձավ հետեւյալ համատեքստում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոռուպցիոն սկանդալներ, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը անարձագանք թողելու հետեւանքներ եւ այլն:

Բոլիվիայի ֆորումին մասնակցած Վահան Տեր-Ղեւոնդյանը նաեւ հավելեց, որ Ֆորումին հայաստանցիներից բացի, բավականին ակտիվ են եղել Հունաստանի եւ Իրանի ներկայացուցիչները: Իսկ Հայաստանը ներկայացրել են ինքը եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930