Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կոշտ են արձագանքել Իտալիայի խորհրդարանի՝ Ցեղասպանությունը ճանաչող նախաձեռնությանը

Ապրիլ 11,2019 12:47

Թուրքիայի պաշտոնական շրջանակներում կոշտ արձագանք են տվել երեկ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախաձեռնության ընդունմանը:

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը Իտալիայի խորհրդարանի այդ քայլն անվանել է պատմությունն աղավաղելու փորձ:

«Ինչպես պատմությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը, Իտալիայի Պատգամավորների պալատնի այս որոշում նույնպես իրենից արժեք չի ներկայացնում: Անընդունելի է, որ Իտալիայի խորհրդարանը գործիք է դարձել քսենոֆոբիկ «Լեգա» կուսակցության ձեռքում»,- Twitter-ի իր էջում գրել է Չավուշօղլուն:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ այդ նախաձեռնությամբ Իտալիան անտեսում է պատմական ճշմարտությունը։

«Իտալիայի խորհրդարանի այսպես կոչված ցեղասպանության բանաձևն անտեսում է պատմական ճշմարտությունը և նոր թշնամանքի սերմեր գցում: Մենք խստորեն մերժում ենք այդ մոտեցումը, որն անտեսում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը և առաջ բերում քաղաքական պոպուլիզմ»,- ասվում է Քալընի թվիթերյան գրառման մեջ: 

Իտալիայի խորհրդարանի նախաձեռնությանն արձագանքել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մասնավորապես գրելով. «Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի խորհրդարանի վերջին փորձը՝ մեր ազգի պատմությունը աղավաղելու և քաղաքականացնելու ուղղությամբ: Դա անարդյունավետ է, թշնամական և ցավալի: Միմյանց հիշողությունների վրա հարձակումներ անելու փոխարեն մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի ճշմարտությունը հաղթի հորինվածին»,- գրել է Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Հիշեցնենք, ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատը 382 կողմ ձայներով (432 պատգամավորներից) ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն:

2000թ. նոյեմբերի 16-ին Իտալիայի պատգամավորների խորհուրդն ընդունել էր Ցեղասպանությունը դատապարտող որոշում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930