Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած՝ ինձ հարկադրաբար մոտեցրեց եւ նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի նստատեղին». «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2019 12:15

Ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ցուցմունքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Ի սկզբանե նկատենք, որ այն ոչ մի նորություն, ըստ էության, չի պարունակում։ Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է ընդունվել ի գիտություն՝ 2 ակնկալվող հարցեր տալով։

Ընդդիմության նախկին առաջնորդը հայտնել է նաեւ. «Ոստիկանական ուժերը Ազատության հրապարակում ղեկավարող անձանցից ճանաչել եմ միայն Հովիկ Թամամյանին, մյուս ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ հայտնել չեմ կարող։ Որոշ ժամանակ հետո ինձ մոտեցավ կրկին Սարգիսովը եւ ասաց, որ պետք է հեռանամ այդտեղից։ Մի քանի անգամ նա գնաց-եկավ, միգուցե խորհրդակցեց իր վերադասների հետ, որից հետո մոտեցավ իր աշխատակիցների հետ, միասին թիկնապահներիս մի կողմ տարան, ես մնացի մենակ, եւ Սարգիսովը պահանջեց, որ նստեմ ոստիկանական ավտոմեքենան, որը մոտեցել էր մեզ։ Հրաժարվեցի, ասացի՝ խնդրեմ, եթե ուզում ես, ձեռքերս ոլորի տար։ Նա այդպես էլ արեց, թեւս ոլորեց, մյուս ձեռքով էլ ուսիցս բռնած՝ ինձ հարկադրաբար մոտեցրեց եւ նստեցրեց ոստիկանական ավտոմեքենայի նստատեղին։

Սարգիսովը նստեց վարորդի կողքին, իսկ իմ երկու կողմերում նստեցին երկու ավտոմատավոր անձինք, որոնց ուղեկցությամբ ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն։ Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան։

Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված՝ շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչեւ երեկոյան ժամը 16-17-ի սահմաններում։

Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ։ Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, եւ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու։

2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լեւոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը եւ Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմանադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։

Դրանից հետո այլեւս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու, իմ տան մոտ այդ զինվորական պահակակետերը պահպանվել են 2008 թվականի մարտի 24-25-ը։ Այդ ընթացքում իմ տուն ելումուտ բոլոր անձանց եւ նրանց ավտոմեքենաները խուզարկում էին, այդ թվում՝ նույնիսկ արտասահմանյան պաշտոնական այցելուների, մասնավորապես՝ Մեյթու Բրայզայի»։

Այսքանից հետո քննիչը 2 հարց է տվել առաջին նախագահին. «Ի՞նչ կարող եք հայտնել 2008 թվականի մարտի 1-ի գիշերը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ»։ Ի պատասխան՝ Տեր-Պետրոսյանը հայտնել է. «Դա արդարադատության պարզելու գործն է, ես ինձ իրավունք չեմ վերապահի ինչ-որ վարկածներ առաջ քաշելու, ուղղակի ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստի վրա. իմ համակիրներից շուրջ 100 հոգի մեղադրվեց եւ դատապարտվեց տարբեր ժամկետների բանտարկության, բայց նրանցից ոչ մեկին զենք կրելու, զենք օգտագործելու եւ խանութ թալանելու մեղադրանք չի ներկայացվել։ Կարծում եմ, որ այս փաստով արձանագրված է ամեն ինչ»։

Քննիչի մյուս հարցին. «Երեւանի Ազատության հրապարակում եղած ցուցարարների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ», առաջին նախագահը պատասխանել է. «Բացառված է, նման իրեր չեն եղել»։

 

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930