Ընթացիկ պատկեր և երկարաժամկետ փոփոխություններ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նշված երկու հանգամանքները պետք է տարբերակել:
Տնտեսագետը ընթացիկ պատկերի մեջ է դիտարկում վերջերս արձանագրված ցուցանիշները: Օրինակ, պետական բյուջեի հավաքագրումների պլանի գերակատարում, ավել տպված ՀԴՄ-ներ:
«Բարելավումները նախևառաջ տնտեսական ակտիվության աճի արդյունք են, երկրորդը ստվերի բացահայտումն է: Բայց երբ խնդրին ավելի երկարաժամկետ ենք նայում, ապա ստվերի կրճատմանը, ստվերում գործողների եկամուտները հարկելուն զուգընթաց ընդհանուր տնտեսական դաշտի վրա պետք է հարկային բեռի թեթևացում լինի: Սա դեռ չենք տեսնում, և խնդիրը հենց այդտեղ է: Բացի այդ, շրջանառությունները, որոնք տասնամյակներով չեն հարկվել, պետք է հարկային դաշտ բերվեն: Այլ հավասար պայմաններում հնարավոր է հարկային մուտքերի անկում լիներ, բայց իրականում մենք հակառակն ենք տեսնում: Սա է բացը»,-նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով, բուժելու համար նախ ախտորոշում է պետք:
Կարդացեք նաև
«Անհրաժեշտ է առանձնացնել այն հիմնական ուղղությունները, որոնց վրա ազդելով՝ պետք է առաջ գնալ: Բայց տնտեսական քաղաքականությունն այսօր վերստին շարունակում է մնալ նեոլիբերալ, իրադրային, կարճաժամկետ պարադիգմի մեջ: Երկարաժամկետ խնդիրների լուծման առումով դեռ քայլեր չեն արվում: Այսօր, թերևս, իշխանությունը նույն ծուղակում է, ինչում նախորդներն էին: Կառավարությունն այսօր ստիպված է լուծել օրվա խնդիրները՝ բյուջետային մուտքեր հավաքագրել, ռազմական, սոցիալական ծախսեր անել, բայց այսօրվա կաբինետը երկարաժամկետ խնդիրների առումով կարծես ո՛չ ռեսուրս, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կարողություն չունի: Սա վերաբերում է նաև խորհրդարանին, որի մեծամասնությունն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են: Ռազմավարական օրակարգ պետք է ձևավորել և օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերի ողջ համակարգը ձերբազատել կոռուպցիոն քողարկված սխեմաներից: Տասնամյակներ շարունակ օրենքների մեջ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել: Եղել են նաև արտոնյալներ, որոնք ունեցել են գերշահույթներ ու չեն վճարել հարկերը»,- նշեց Ա. Մարգարյանը՝ մատնանշելով հատկապես մրցակցային շուկաները:
«Խոսքը նաև հանրային ծառայությունների ոլորտների մասին է: Այդ համակարգերում շատ մեծ գերշահույթներ են գոյանում, իսկ իշխանությունը դեռևս չի էլ մոտեցել այդ խնդիրներին: Այդ համակարգերը շարունակում են կորզել իրենց գերշահույթները, իսկ խնդիրը դեռ օրակարգ չի մտել: Եթե օրակարգում լիներ, մենք գնային ստատուս քվոյի, ինչպես նաև եկամտային ստատուս քվոյի փոփոխություն կունենայինք»,-ասաց նա՝ նկատելով, որ մինչդեռ քննարկվում է Հարկային օրենսգիրք և, չգիտես ինչու, բոլորը կենտրոնացել են եկամտային հարկի դրույքաչափը փոխել-չփոխելու պարզունակ սխեմայի վրա:
«Այնինչ պետք է ավելի լայն դիտանկյունից նայել. ընդհանուր եկամուտը կամ նոր արժեքը՝ հավել յալ արդյունքը, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվել, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվում այժմ և ինչպիսի՞ն պետք է լինի ապագայում: Այսպիսի հարց չի քննարկվում, որովհետև նախ պետք է կարողություն ունենալ այդ խնդրի մեջ խորանալու համար»,-հավելեց տնտեսագետը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում