Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք աղքատության 6 նպաստառու՝ ամսական 1 մլն դրամ վարկ են փակում»

Ապրիլ 11,2019 14:30

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավելի դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել եւ հարց ուղղել քաղաքացիներին:

ՀՀ հպարտ քաղաքացիներն էլ գրառման տակ տարբեր պատասխաններ են տվել՝ ընդհուպ հեգնելով, թե «Իհարկե պետք է կրճատել պարոն վարչապետ։ Երկրի այս վիճակի համար մեղավորները ՀԴՄ կտրոն չվերցնող տատիկներն էին ու հիմա նաեւ իրենք։ Էն, որ մի քանի տասնյակ հազար դրամ նպաստ են ստանում, ու ասենք բուժման համար, կամ երեխայի ուսման վարձը տալու կամ այլ կարիքի համար, կամ ասենք հարեւանի համար իրենց անունից վարկ են վերցրել, իհարկե պետք է զրկեք նպաստից եւ դատեք։ Աղքատությունից ազատվելու լավագույն տարբերակը երեւի աղքատներից ազատվելն եք համարում… Հ.Գ. Չմոռանաք պատգամավորների քանակն ավելացնել ու բոլորի պարգեւավճարները»:

Թե կառավարությունն ինչ է մտածում այս հարցի մասին, զրկելո՞ւ են վարկառու նպաստավորներին նպաստից, թե ոչ՝ մենք զրուցեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Նրա խոսքով՝ կառավարությունը հակված չէ այդ մարդկանց զրկել նպաստից. «Մենք պիտի մտածենք այդ խնդրի մասին: Նախ, ասեմ թվերով՝ 100 հազար եւ ավելի վարկային պարտավորություն ունեցող 11 հազար 281 նպաստառուներից 3354-ն են, որ ոսկու եւ քարտային վարկեր չեն փակում: Այսինքն, 11 հազարը ներառում է այն մարդկանց, ովքեր ոսկու եւ քարտի վարկեր են փակում, այսինքն, գրավադրում ունեն: Շատ կարեւոր է այստեղ տվյալների վերլուծությունը մեզ համար՝ որպես պատասխանատու կառույց: Մենք հիմա ԿԲ-ի հետ միասին աշխատում ենք այդ ուսումնասիրությունների, վերլուծությունների վրա: Մենք հիմա տվյալներ ունենք, դրանք անձնական տվյալներ չեն, զուտ քանակական են, որոշում կայացնելու համար մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրություն, թե, օրինակ, ի՞նչ նպատակով են այդ վարկերը վերցրել մարդիկ, արդյոք դրանք առողջապահական խնդիրների համար են, ուսման վարձ են, գուցե մարդը վարկ է վերցրել, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում ինչ-որ ներդրումներ անի, փոքր բիզնեսով զբաղվի եւ հաղթահարի աղքատությունը: Պիտի տեսնենք՝ դրանք ավելի շատ քաղաքայի՞ն, թե՞ գյուղական համայնքներից են: Միայն այսպիսի մանրակրկիտ վերլուծությունը մեզ թույլ կտա օբյեկտիվ որոշում կայացնել: Ես վստահ կարող եմ ասել, որ հազարից ավելի՝ գրեթե 2 հազար մարդ 150 հազար եւ ավելի վարկ է մուծում: Ունենք նույնիսկ 1 մլն դրամ վարկ մուծող քաղաքացի, որ նպաստառու է: 6 մարդ 1 մլն դրամ վարկ է մուծում՝ ամսական: Մենք ծայրահեղությունների գիրկը չպետք է ընկնենք եւ սոցիալական ոլորտի որոշումները միայն այդ հետազոտությունների, փաստերի վերլուծությունների վրա հիմնված պիտի անենք: Որեւէ դեպքում որեւէ որոշում չի կարող կայացվել, որը վնաս կլինի այն քաղաքացուն, որն ունի սոցիալական աջակցության կարիք: Մենք պիտի գիտակցենք, որ այո, կան մարդիկ, որոնք այդ ցուցակում պիտի չլինեն եւ պետական աջակցություն պետք է չստանան, բայց մենք պետք է նաեւ թացը չորից զատենք»:

Զարուհի Բաթոյանն ասաց, որ մինչեւ այս տերեվերջ, մինչեւ աշուն ամբողջ համակարգը վերանայելու են:Կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաեւ՝ «Հայաստանում չպետք է մարդ լինի, որի մտքով անցնի, որ ինքը 80 հազար դրամով կարա աշխատի: Ինչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ մեր երկրում սեւագործ բանվորների հասարակությո՞ւն լինենք: Հայաստանում էժան աշխատուժ պետք է չլինի»:

Հաշվի առնելով, որ այսօր մեր գիտնականներն անգամ 80 հազար դրամ աշխատավարձ են ստանում ու մի կերպ ապրում՝ հարց է առաջանում, թե վարչապետի ասած սեւագործ բանվորների հասարակությունից մենք ե՞րբ կկարողանանք դառնալ բարձր որակավորում ունեցող աշխատուժ ու ստանանք բարձր աշխատավարձ:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ «Վարչապետի ելույթում ավելի շատ ուղերձ էր հնչում, մարդիկ պիտի ավելի շատ հավակնություններ ունենան եւ ավելի շատ իրենց առջեւ դնեն նպատակներ աճելու եւ ավելին ունենալու, երբեք չպետք է վախենան համարձակ քայլերից, անինքնավստահ լինեն: Կարծում եմ, վարչապետի խոսքը սրան էր ուղղված: Ինչ վերաբերում է ընդհանրապես պայմաններին, թե մենք ինչ պետք է անենք այս ուղղությամբ, տարբեր պատասխանատուներ տարբեր անելիքներ ունեն: Կառավարությունը պետք է, իհարկե, իր հերթին նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին քայլեր մտածի եւ առաջարկներ անի, մյուս կողմից պետք է աշխատանքի հնարավորություններ ստեղծենք: Շատ կարեւոր է, որ քայլեր ձեռնարկենք կրթության եւ աշխատաշուկայի համապատասխանությունը ապահովելու եւ նաեւ հանրային կրթության իմաստով անելիք ունենք: Այսօր որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կան դեպքեր, երբ մի կողմից որոշ մասնագետների պահանջարկ կա, մյուս կողմից էլ կան մասնագիտացումներ, որոնք որեւէ իրացման հնարավորություն Հայաստանում չունեն: Այս խնդիրը եւս պետք է լուծենք: Ինչ վերաբերում է աշխատող-գործատու հարաբերություններին, այստեղ այլ խնդիր կա, գործատուները պետք է իրենց վերաբերմունքը փոխեն, արժեւորեն աշխատանքը, կարողանան քայլեր ձեռնարկել, ամեն ինչ անել, որ արժանապատիվ աշխատանքով ապահովեն: Մյուս կողմից էլ, եթե քաղաքացին՝ աշխատողը, այդ պահանջատիրական զգացումը չունենա եւ քայլեր չձեռնարկի, գործատուն դա չի ապահովի: Շատ բազմակողմանի է այս խնդիրը: Պետությունն էլ իր հերթին պիտի ստեղծի բոլոր պայմանները, որ աշխատանքը կարեւորվի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930