Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովրդաֆեյքահսկողությունը» ԱԱԾ-ի վրա չի աշխատի

Ապրիլ 11,2019 13:30

Մամուլի դեմ բողոքների հանձնաժողովն ունի կոդեքս, համաձայն որի՝ մամուլը պետք է զերծ մնա մարմնի գույնը, սեռը կամ սեքսուալ կողմնորոշումը, նվաստացուցիչ արտահայտությունները նշելուց:
Շեշտենք՝ մամուլի միջոցները: Բայց ոչ երբեք սոցիալական ցանցերը, որտեղ մարդը հանդես կարող է գալ իբրեւ զվարճանքի տիրույթ, իբրեւ Արա Գեղեցիկ ու Շամիրամ, իբրեւ մեքենա, իբրեւ ժամանցային էջ, իբրեւ անուն կամ կեղծանուն:

Ֆրանսիական օրենսդրությամբ էլ, հրապարակումների մեջ անպարկեշտ մտքի առկայությունն այն հիմքերից մեկն է, որը կարող է ՆԳ նախարարի կողմից սահմանափակումների առիթ տալ:
Սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի թեման կրկին դառձավ օրակարգային, երբ վարչապետն ակնարկեց մանիպուլյատիվ հնարքների, ֆեյքերի դեմ պայքարի մասին՝ հանձնարարական տալով հայրենի ԱԱԾ-ին:

Հանձնարարականին հաջորդեց նախաքննությունը ՖԲ հարթակում գրանցված «Դուխով Հայաստան»-ի դեմ, որի «ֆեյքը» կալանավորվել է:
Այլ հարց է, թե երբ «ֆեյքը» հայտ է տվել, ապա սոցիալական ցանցի ԱԴՄԻՆԸ ինչ չափորոշիչներ է ընտրել, նրան գրանցելու համար:
Մենք դեռ տեղյակ չենք, թե գրանցվելուց առաջ ինչ է գրել հայտատուն: Վստահ եմ, որ հայտատուն չի նշել «ֆեյք» է, գրանցվել է առերեւույթ ադմինի հարցերի տեղատարափին պատասխանելով:
Չգիտեմ, իրավաչա՞փ է ընտրել նման խափանման միջոց, բայց ես հակված եմ, որ նման քրեական գործերով չպետք է ընտրվի խափանման միջոց, ավելին, կարծում եմ, որ սա քաղաքացիաիրավական հարաբերություններ են՝ «գրել են, պատասխան պիտի տան, տարածել են, պատասխան պիտի տան»: Իսկ մեր քրեական օրենսգիրքը ունի՞ ֆեյքերի հետ կապված հոդված: Չկա: Քաղօրենսգիրքն ունի՞: Չկա:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Հոդված 3» ակումբում «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով օրերս քննարկման ժամանակ ասաց. «Քրեական օրենսգիրքը շատ քիչ հնարավորություն է տալիս ազատ խոսքի համատեքստում հանցագործություն փնտրելու համար: Օրինակ՝ սուտ մատնություն, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը կամ անձին սպառնալիք հնչեցնելը: Հիմա ես մտածում եմ՝ ԱԱԾ-ն ի՞նչ հիմք պետք է ընտրի: ԱԱԾ-ն ընդհանրապես պետք է ձեռնպահ մնա քրեական հետապնդում իրականացնելուց եւ թող զբաղվի հետախուզությամբ ու հակահետախուզությամբ: Ժողովրդական վերահսկողությունը ԱԱԾ-ի վրա չի աշխատում: Երբ գաղտնիացված կառույցը ձեռքի հետ էլ քրեական հետապնդում է իրականացնում, հանրային վերահսկողությունն արդեն չի աշխատում»: Մի բառով՝ ժողովրդաֆեյքահսկողությունը չի աշխատի:

Ու այդպես է:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ. «ԱԱԾ-ն առանց այդ էլ բավական շատ գործառույթներ ունի եւ պետք է զբաղվի իր գործով, իսկ մանիպուլյացիաների դեմ ու դրանց հակազդեցությամբ զբաղվելու համար պետական համակարգում բազմաթիվ այլ կառույցներ կան: Յուրաքանչյուր ոք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք: Դա նրա խոսքի ազատության՝ մի կողմից, մյուս կողմից՝ անձնական կյանքի գաղտնիության բաղկացուցիչ մասն է: Սա ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս 2013-ին` «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով: Խոսքի ազատության իրավունքը թվային դարաշրջանում իմաստ է ունենում այն պարագայում, եթե մարդը նաեւ կարող է անանուն, կեղծանվամբ հանդես գալ, անանուն համացանցում ընթերցել այս կամ այն կայքերը եւ ընդհանրապես համացանցում գտնվել»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Շուշան Դոյդոյանի խոսքով, միայն բացասական տեսանկյունից ֆեյքը դիտարկելը շատ սխալ ու վտանգավոր տեղ կարող է տանել ամբողջ հասարակությունը. «Վարչապետի բանավոր հանձնարարականը ԱԱԾ տնօրենին՝ չէր վերաբերում ֆեյքերի դեմ պայքարին, այլ վերաբերում էր ֆեյքերի կողմից մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվության հրապարակմանը»:

Մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվության մասին մի տող, ակնարկ, բառ չկա գործող «ԶԼՄ» օրենքում: Ինչու եմ հղում այս օրենքին, քանի որ այս օրենքի շրջանակներում սոցիալական ցանցերում տարածված նյութերի տակ էլ բավական շատ են ատելության, խտրականության սպառնալիքները, կոչերը, գնահատականները:

Ինչ է կատարվում աշխարհում: Փորձենք միանալ աշխարհաիրականությանը:

Օրեր առաջ ԱԺ-ում հանդես եկավ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ կապված սեռական փոքրամասնության իրավունքների հետ: Հայաստանյայց առաքելական քահանաներից մեկը հանդես եկավ նրանց վառելու պահանջով: Այն էլ Մեծ Պահքի շրջանում:

ԱՄՆ սահմանադրությամբ, մամուլում հրապարակված որեւէ ելույթ չի կարող ապօրինի համարվել, քանի որ այն մարտահրավեր է բարոյականության գերակշռող սկզբունքներին:
Չգիտես ինչ անել, մի դեպքում իրավունքն առաջ տանելու համար ստիպված ես անձնական տվյալ հրապարակել, միջամտել անձնական կյանքին, մի դեպքում էլ խոսել իրավունքներից:
Գերմանիայի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածը նախատեսում է 18-ից փոքր անձանց «պոռնո նյութեր» վաճառելու մասին: Իսկ իսպանական մամուլի 432 հոդվածով պատիժ է նախատեսվում այն հոդվածների համար, որոնց պոռնոբնույթը կարելի է ապացուցել:

Ավստրիայում «հասարակական բարոյականությունը վիրավորելու դատական նախադեպեր կան: Հասարակական բարոյականությունը վիրավորելու համար դատական հետապնդումների մեծ մասն առնչվում է սեռական փոքրամասնությանը, վիրավորական անպարկեշտ բնույթի առցանց նյութերի տարածմանը:

Ավստրիայում գործում է «անպարկեշտ հրապարակումների մասին» օրենքը՝ անցյալ դարի հիսունականներից, համաձայն որի. «նյութը կարող է համարվել անպարկեշտ, եթե այն նպաստում է քաղաքացիների անբարոյականացմանը, կամ բարոյական անկմանը, որոնք դիտել, ծանոթացել են տվյալ հրապարակման արձագանքներին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930