Լրահոս
Օրվա լրահոսը

Playboy-ի շապիկից մինչեւ ամերիկյան կարիերա

Ապրիլ 11,2019 13:00

Հարցազրույց սիրիահայ, այժմ հայաստանաբնակ, շոու-բիզնեսի ներկայացուցիչ, մոդել Razboy-ի (Վարդան Նահապետյան) հետ

– Ժամանակին («Առավոտ», 06.10.2016թ.) մեզ հետ զրույցում հավաստիացրել էիք, թե հանրահայտ Playboy ամսագիրը ձեզ «Առաջին մերկացող հայ տղամարդը» վերնագրով լուսանկարվելու առաջարկ է արել՝ խոստանալով 1 մլն դոլար եւ BMW X6 մակնիշի ավտոմեքենա: Մեկ տարի անց հայտնվեցիք ամսագրի շապիկին՝ պարկեշտ լուսանկարով: Նշենք նաեւ, որ 2010-ից հետո ձեր ձայնագրությունները հայտնվեցին համացանցում, այնուհետեւ որոշ ժամանակ անց դրանք բոլորը վերացան: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ավելին՝ ինչպե՞ս կբացատրեք այն իրողությունը, որ ձեր բաց լուսանկարները հայտնվեցին ոչ թե հայտնի ամսագրի, այլ ընդամենը ֆեյսբուքի, ինստագրամի ձեր էջերում:

– Playboy-ի նման գայթակղիչ առաջարկից հրաժարվել եմ: Հասկանում եմ, դժվար է միանգամից ընկալել այդ փաստը: Երբեք չեմ մտածել, որ այդ ամսագիրը սեքսուալ բնույթ ունի: Օրինակ՝ դրա ռուսաստանյան տարբերակը լույս է տեսնում 1995-ից, Ուկրաինայինը՝ 2005-ից: Ճիշտ է, հաճախ աղմուկ են հանում հիմնականում մերկ կանանց լուսանկարների առիթով, բայց չմոռանանք, որ այդ նույն ամսագրում ժամանակին բազմաթիվ մեծանուն արվեստագետներ են երեւացել, այդ թվում՝ Էլիզաբեթ Թեյլորը, Պամելա Անդերսոնը, Սինդի Քրոուֆորդը, որոնց ճանաչմանը նպաստել է պարբերականը: Այն պարունակում է նաեւ հոդվածներ նորձեւությանը, սպորտին, տարբեր ապրանքանիշներին, հասարակական-քաղաքական գործիչներին վերաբերող:

Միառժամանակ անց հասկացա, որ այն մշակութային գործունեությունը, ինչ մտածում եմ, պետք է իրականացնել: Հավատացնում եմ՝ ես դա չեմ արել տարբերվելու կամ ֆուրոր անելու համար: Իրողությունն այն է, որ Playboy-ի առաջարկին համարյա զուգահեռ առաջարկ ստացա ամերիկյան LP DISTRIBUTION ընկերությունից, որը նկարահանում է ֆիլմեր, կլիպներ, իրականացնում ձայնագրություններ եւ այլն, ընդ որում՝ համագործակցում է աշխարհահռչակ Sony Music, Apple Music, Warner Music եւ այլ կազմակերպությունների հետ: Այն ստացել եմ 2018թ. գարնանը, մեկ պայմանով՝ Youtub-ից վերացնելու իմ բոլոր նյութերը, այդ թվում՝ եւ ձայնագրությունները: Հիշյալ կազմակերպության հետ մինչ օրս համագործակցում եմ հեռակա: Ի դեպ, այն տնօրինում է հայազգի Էլիզաբեթ Շամամյանը, առաջիկայում էլ պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ:

– Ինչո՞ւ չանդամագրվեցիք հայաստանյան շոու-բիզնեսի ընտանիքին:

– Ցանկություն կար մուտք գործել այնտեղ, բայց այն համընկավ ամերիկյան առաջարկիս հետ:

– Իսկ Playboy-ը թույլտվություն խնդրե՞ց՝ ձեր լուսանկարը շապիկին տեղադրելու համար:

– Այդ լուսանկարը ամսագիրը վերցրել է ֆեյսբուքյան իմ էջից՝ ընդամենը հղում անելով:

– Ասում են՝ ձեր ընտանիքը ավանդապաշտ է, ի՞նչ վերաբերմունք ունի ձեր գործունեությանը:

– Հայրս, իսկապես, մի այլ կարգի ավանդապաշտ է: Մինչ օրս էլ նա չի համակերպվում ընտրածս գործունեությանը: Բայց դա, կարծում եմ, ժամանակի խնդիր է: Այն կարծիքը չստեղծվի, թե հանրության, ժողովրդի կարծիքը հաշվի չեմ առնում: Բայց ցանկությունս է դուրս գալ համաշխարհին շոու-բիզնես: Ի վերջո, պետք չէ կրկնել կամ կրկնօրինակել այն, ինչ որ արվել է: Ցանկություն ունեմ լինել առաջինը, բայց համաշխարհային հարթակում:

– Ասում են նաեւ, թե դուք տեւական ժամանակահատված գործունեություն եք ծավալել Գերմանիայում:

– Գերմանիա այցիս նպատակը մորս շիրմին առաջին անգամ այցելությունն էր: Նա մեկնել էր բուժման ու հոգին ավանդել այնտեղ… Հենց Գերմանիայում ծանոթացա Տուլայից ժամանած դիջեյ Սերգեյ Շիբանովի հետ, որն, ի դեպ, ամբողջովին փոխեց երաժշտական ճաշակս: Վերադառնալով Ռուսաստան, մասնակցեցի աշխարհում հեղինակություն վայելող Կալուգայում վերջին շրջանում ավանդաբար անցկացվող Signal տեխնո եւ հաուս փառատոնին, թողարկեցի Mood ալբոմս Aipp apple music հայտնի ֆիրմայում:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

11.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930