Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ անակնկալներ ԵՄ-Ադրբեջան հարթակում Արցախյան հարցո՞վ

Ապրիլ 11,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի շուրջ բանակցությունները եզրափակիչ փուլում են

Բրյուսելում ապրիլի 4-ին կայացավ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 16-րդ նիստը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի նախագահությամբ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ԵՄ-ն ու Ադրբեջանը մայիսի կեսին կարող են ավարտել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին նշել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը։

«Եթե մենք ժամանակին սկսենք վերջին փուլը, ապա իսկապես կկարողանանք ավարտել համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ այն կհամաձայնեցվի մայիսի կեսին, Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ»,- ասել է Հանը Բրյուսելում: «Եվրամիությունը մեծապես աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացման եւ բարեփոխման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին, ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպես կրթության, գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման», – ասել է՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարը:

Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է. «Ներկայում մենք Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում ենք»։ Մոգերինին հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը «կընդլայնի եւ կխորացնի փոխհարաբերությունները եւ օգտակար կլինի ԵՄ եւ Ադրբեջանի քաղաքացիների համար»։ «Մենք ակտիվացրել ենք համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է մեր հարեւանության մեջ առանցքային գործընկերը: ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մտնում են խիստ կարեւոր փուլ, եւ մենք կշարունակենք ջանասիրաբար աշխատել ժամանակակից համաձայնության հասնելու համար, որը շոշափում է մեր հարաբերությունների բոլոր տեսակետները եւ օգուտ է բերում ինչպես Եվրամիության, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիներին»,- նշել էր Մոգերինին:

Պաշտոնական Բաքուն՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, շեշտում է, որ կողմերը մոտ են համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելուն։
Հայաստանում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացման այս գործընթացը որոշակի անհանգստություն է առաջացրել Արցախյան հակամարտության մասով: Մասնավորապես այս թեման ակտիվ է պահում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը ֆեյսբուքյան էջում մի քանի անգամ անդրադարձավ ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրմանը: Նա, մասնավորապես, նշել էր, որ Արեւելյան Գործընկերության 10-ամյակին, մայիսի 14-ին Բրյուսելում, որտեղ նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի համաժողով Եվրոպական Միության եւ Արեւելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ, իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագիր նախաստորագրել: «Արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւո՞ւմ է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Արդյոք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարո՞ւմ են Հայաստանին եւ համադրելի՞ են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»,- հարցեր էր ուղղել Աշոտյանը:

Մեկ այլ գրառմամբ անդրադառնալով Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ կայացած ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստին, Աշոտյանը կրկին հիշեցրել էր, որ կարեւոր է, թե ի՞նչ ձեւակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը եւ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի հետ կնքած համաձայնագրին։ Ապա` նա եզրակացրել էր. «Ինչպես եւ կանխատեսում էի, ԵՄ-ն մեղմում է իր վերաբերմունքը Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Գլոբալ շահերը դառնում են էլ ավելի կարեւոր, ուստի մեր վարչապետին ասեք, որ հույսը շատ չդնի ժողովրդավարական կռվանի վրա։ ԵՄ-ն դրական է վերաբերվել Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպմանն ու կոչ է արել արագ իրականացնել այնտեղ ձեռքբերված համաձայնությունները՝ մարդասիրական եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու գծով։ Համաձայնեք, որ այստեղ մենք հստակ հարցեր ունենք վարչապետին, թե կոնկրետ ի՞նչ են պայմանավորվել Վիեննայում։ Ադրբեջանական գազի ԵՄ մատակարարման հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Հիշեցնեմ, որ այն նախատեսված է 2020 թվականից եւ Հայաստանի համար խնդիրներ կստեղծի հատկապես Հարավային Եվրոպայում եւ Բալկաններում։ Ցավոք, առկա տեմպերով եւ աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին։ Դրանից խուսափելու համար հարկավոր է անցնել իրական բարեփոխումների, ակտիվացնել դիվանագիտական, այդ թվում՝ խորհրդարանական, աշխատանքը»։

Նկատենք, որ ապրիլի 4-ին Երեւանում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի ու լրատվության հարցերով ղեկավար Եկատերինա Դորոդնովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված համաձայնագրում Ղարաբաղի վերաբերյալ ձեւակերպումները տեղ կգտնե՞ն, կամ մոտ ձեւակերպումներ կլինե՞ն նաեւ ԵՄ-Ադրբեջան բանակցվող համաձայնագրում, նշել էր. «Եվրոպական միությունն աշխատում է Արեւելյան գործընկերության 6 երկրների հետ՝ այդ թվում նաեւ Ադրբեջանի։ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը բանակցվում է, որքան ես գիտեմ, բանակցությունները մոտենում են իրենց վերջնական փուլին։ Սրանք երկկողմ բանակցություններ են՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ»։ Եկատերինա Դորոդնովան հավելել էր, որ յուրաքանչյուր համաձայնագիր համաձայնեցվում է տվյալ գործընկերոջը, չկա, այսպես կոչված՝ ստանդարտ լեզու, որը օգտագործվում է։ «Երբ մենք բանակցում էինք Հայաստանի հետ համաձայնագիրը, երբեք չենք խորհրդակցել ադրբեջանցի գործընկերների հետ, թե ինչ լեզու, ինչ բառամթերք օգտագործենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին, որոնք դարձյալ երկկողմ են, մենք կարող ենք ասել, որ Հայաստանը որեւէ դեր չի խաղում այս բանակցություններում, բայց մենք շատ զգուշությամբ ենք մոտենում այն ձեւակերպումներին, որոնք վերաբերում են հակամարտություններին եւ դրանց հանգուցալուծմանը։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ Եվրամիությունն ունի իր հստակ դիրքորոշումը, այն է՝ ԵՄ-ն լիովին աջակցում է այն միջնորդական առաջարկություններին ու աշխատանքներին, որոնք իրականացվում են Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կատարած աշխատանքներին, եւ նախատեսում է հակամարտության լուծումն այդ շրջանակներում»,-պատասխանեց Դորոդնովան։

Հայկական դիվանագիտությունից պահանջել, որպեսզի նրանք վերահսկեն, ազդեցություն ունենան ԵՄ-Ադրբեջան բանակցությունների վրա, կամ՝ տիրապետեն այդ բանակցությունների բոլոր նրբություններին, իհարկե, ճիշտ չէր լինի, սակայն արցախյան թեմայով ՀՀ-ԵՄ համաձայնագրում ներառված դիրքորոշումներից շեղման հնարավորությունը ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում հայկական դիվանագիտության լրջագույն ձախողում կլինի:

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930