«Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս»:
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»
Վարչապետ պարոն Փաշինյանն արդարացիորեն զայրացավ, երբ ՊԵԿ հիմնարկներից մեկի մի աշխատասենյակում ոչ պատշաճ վիճակում գտավ երկրի դրոշակը: Անձամբ ինքը դեռ 10 տարի առաջ է վաստակել այդ իրավունքն ու պատիվը: Հիշողություն ունեցողները, հավանաբար, չեն մոռացել, թե ինչպես բանտում գտնված ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, կյանքը վտանգելով, միայնակ դուրս եկավ քրեական ամբողջ համակարգի դեմ՝ իր մահճակալի կողքին դնելով մեր երկրի դրոշակը: Ինձպեսները մինչև հիմա հիացմունքով ու ակնածանքով են հիշում այդ աննախադեպ խիզախումը, մեր պետականության այդպիսի գնահատումը:
Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը մեկուսի երևույթ էր. բարեբախտաբար, հիմա նա երկրի ղեկավար է դարձել, ու հնարավորություն կա առանց տոնական հայրենասիրության՝ գործի վերածելու ժամանակին բարձրացված «Մենք բոլորս Նիկոլ ենք» պաստառի բովանդակությունը: Իսկ ընդհանրապես մենք դեռ լրջությամբ ու խորությամբ չենք ընկալում մեր պետականությունը, թեև ավելի քան քառորդ դար է, ինչ ունենք այդ երկնառաք ընծան: Դրոշն անպատված այդ աշխատասենյակի աշխատակիցներին հեռացնելով՝ դժվար թե մեր գիտակցության միջից հեռանա անլիարժեքությունը, կամ բոլոր սենյակներում սկսեն հավուր պատշաճի վերաբերվել դրոշին, զինանշանին, օրհներգին, զինվորական համազգեստին: Դժվար թե Մեղրիի զորամասի զինվորականներին պատժելով՝ Ձերժինսկու գողականության բարքերի հանդեպ նվիրվածությունը դուրս գա մեր հանրային գիտակցությունից, որի միայն արձագանքն ու արձանագրումն էր զորամասը լքելը: Դժվար թե նախկին ՊՆ ղեկավար Միխայիլ Հարությունյանին գտնելով՝ փոխվի հայաստանյան գեներալների՝ որևէ հարուստ երկրի հպատակություն ընդունելու թաքուն երազանքը: Դժվար թե առյուծ սպանելն ու նրա դիակի հետ լուսանկարվելն առնականության ցուցիչ ընկալողին բանտարկելով՝ հաջողվի համատարած նյութապաշտության առանցքը շեղել: Պարզապես ընդունենք, որ մեր մշակույթում բացակայում է ոճրի և պատժի միանշանակ ընկալումը, մինչդեռ, օրինակ, ռուս հանճարը հենց այդ վերնագրով վեպ ունի, իսկ մեր աստվածն «ինքն էլ տարակուսած չի հասկանում ինչ անի», «ո՞րն է բարին, ո՞ր սահմանում»: Կարելի էր անվերջ շարունակել վերոնշյալ ցանկը, սակայն արյունոտելու աստիճանի ցավալի է:
Կարդացեք նաև
Եթե պատժելով դժվար թե ամեն բան տեղն ընկնի, կնշանակի՝ խնդիրն այլ տեղում է, մեր հոգևորի, մեր աշխարհընկալման ու աշխարհզգացման դաշտում, մեր դավանած արժեքների դաշտում, որն այդպես էլ առողջացնելու ճամփան չենք զորում գտնել: Իսկ ովքե՞ր են կոչված գտնելու: Միայն էլիտան՝ սերուցքն ու ընտրանին: Եթե չարաբաստիկ պարգևատրումների մասին ՊԵԿ պարոն նախագահն ասում է, թե իր ղեկավարած կառույցում մարդիկ «իրենց ստեղծած արժեքին համապատասխան» են վճարվել՝ անգիտանալով Արժեքի բուն էությունը, անգիտանալով, ասենք, մանկավարժի կամ գիտնականի ստեղծած Արժեքը, ապա շատ օրինաչափ է, որ Վարչապետը պիտի հենց նույն նախագահի ներկայությամբ զայրույթ ու ցավ զգա հենց նույն կառույցի օղակում՝ մաքսատանը: Լավ է՝ չասացին. «Ձեռներս հո քարի տա՞կ չէ, հիմա կպատռենք էժան, անարժեք դրոշակը, մի թանկարժեք, լրիվ նոր դրոշակ կցցենք, չէ՞ որ արժեքը գնի մեջ է, մենք կարող ենք մերոնց մեկանգամյա պարգևավճարով ներմուծել մաքսազերծված միլիոնավոր եռագույններ, մի՛ զայրացեք, պարոն Վարչապետ»: Չասացին: Փառք Աստծո:
Հայկական իմաստուն խոսքն ասում է. «Ծուռ ակոսը մեծ եզից է գալիս»: Գալիս է էլիտայից՝ սերուցքից, որին այնպես սիրել ու փաղաքշանքով «ախպեր ջան» է կոչել մեր ժողովուրդը: Նա՛ է քաշողը, նա՛ է վարն անողը, նա՛ է խեզանը պահողը, նա՛ է Արժեքը սահմանողն ու գիտակցողը, իսկ եթե նմանվածքն է, ապա մեր երկրի ակոսը ծուռ է գնալու, թեքված ու փլուզման դատապարտված Պիզայի աշտարակ է լինելու, Վարչապետն անընդհատ նեղսրտելու ու զայրանալու է: Մաքուր պահել է պետք դրոշի բոլոր գույներն անխտիր:
Միքայէլ Հայրապետեան
Պահպանողական կուսակցության նախագահ