«Նման ծրագրերը վարկանիշային են: Հոնկոնգի ամենախոշոր կինոմարկետում անգամ ամենապահանջված սերիալները հնդկական են: Դա միջազգային թրենդ է, որ դեմ ոչինչ չես կարող անել»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Պատգամավորները նրա կարծիքն էին հարցրել հայկական հեռուստաեթերում ցուցադրվող հնդկական սերիալների մասին:
ՀՌԱՀ նախագահի բնորոշմամբ. «Եթե հանրության որոշ խավեր ուզում են հնդկական սերիալներ դիտել, դրանք պետք է կոմերցիոն հեռուստաընկերությունների եթերում լինեն, դա այդպես է: Բայց եթե ուզում ենք դրանց կողքին տեսնել հանրօգուտ հաղորդումներ, հանրությունը պետք է օժանդակի դրանց ստեղծմանը: Միաժամանակ՝ առանց պետության միջամտության հնարավոր չի»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը փոքր-ինչ չհամաձայնեց. «Չեք կարծո՞ւմ, որ հնդկական սերիալների պահանջարկը հենց հեռուստաընկերություններն են ստեղծում: Այն, ինչ հրամցնում են, հանրության շրջանում դառնում է սովորույթ»: Տիգրան Հակոբյանն էլ իր հերթին պատգամավորի դիտարկման հետ չհամաձայնեց. «Սա երկար վեճ է՝ գաղափարական եւ փիլիսոփայական: Բոլոր հասարակություններում էլ ի սկզբանե երկու շերտ կա, որոնցից մեկին մշակույթը պարտադրել հնարավոր չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև