ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը: Այսպիսով, ուժի մեջ մնաց առաջին ատյանի դատարանի որոշումը` Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություններ անել դեռ չի կարող, քանի որ որոշումը դեռ չեն ստացել: Բայց պաշտպանական կողմը հակված է օրենքով սահմանված բոլոր հնարավոր տարբերակները կիրառության մեջ դնել, այդ թվում նաեւ միջազգային դատարանների հնարավորություններն օգտագործելով`իրենց պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար: Առաջին ատյանում այժմ կա գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդություն: Նիստն օրերս կկայանա: Նաեւ`պետությունը պատասխաններ է ներկայացրել ՄԻԵԴ-ին, պաշտպանական խումբն այժմ դրա վրա էլ է աշխատում:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում. «Կա բացասական դինամիկա, դա ակնհայտ է, ինչը նաեւ հանձնաժողովային փորձագետները չեն ճշտում: Մենք ունենք այն վիճակը, որ 7 շաքար ունեցող մարդը, կալանավորվելուց հետո ունի 27 շաքարային ցուցանիշ եւ 110 միավոր ինսուլին է ստանում, որը նախկինում`մինչեւ կալանավորումը, չի ստացել»:
Պաշտպանը հավելում է, որ այլ հիվանդություններ եվս բացասական դինամիկա են արձանագրում: Դրանք բուժվող հիվանդություններ չեն: Կայուն պահելը բժիշկները համարում են ձեռքբերում, իսկ կայուն պահել հնարավոր է միայն քաղաքացիական հիվանդանոցում:
Կարդացեք նաև
Ի դեպ, կալանքի հետ անհամատեղելիության մասով Մանվել Գրիգորյանի փաստաբանների դիմումին ՄԻԵԴ եւ ՄԻԵԴ-ի արձագանքին օրերս անդրադարձել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Սա վեճ է եւ սա բացի գործնական լինելուց նաեւ գիտական վեճ է ՄԻԵԴ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, քանի դեռ ունեն այդ հիվանդությունները: Դա չէր տարածվում կալանավորների վրա: Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաեւ կալանավորների վրա` անկախ նրանից, թե նման հարց ՄԻԵԴ-ում բարձրացվում է, թե ոչ: Այդ հարցը մեր օրակարգում եղել է մինչեւ Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը: Արսեն Մկրտչյանը դրվատանքի արժանի է համարում նախարարի այս մոտեցումը, քանի որ այս հարցում չինովնիկները երբեք չեն լսել պրակտիկ փաստաբանների կարծիքը:
Այս ընթացքում Մանվել Գրիգորյանի հետ տեսակցել են միայն ընտանիքի անդամները:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գործը ՄԻԵԴ-ում հայտնվելուց հետո, զանգելու եւ տեսակցելու հնարավորությունները «բացվել» են եւ այսօր էլ վարույթ իրականացնող մարմինը որեւէ հիմք չունի պնդելու, որ Մանվել Գրիգորյանը խոչընդոտում է նախաքննությանը: Վճռի հրապարակմանն այսօր մեղադրող կողմը եւ դատախազության ներկայացուցիչը ներկա չեն եղել: Պաշտպանը չի ցանկանում ենթադրություններ անել, բայց նկատում է, որ ստացվում է վարույթ իրականացնող մարմնի, դատախազության համար դատարանների որոշումները կանխատեսելի են`անկախ նրանից, թե ո՞ր դատավորի վրա է գործը մակագրվել. «Թեեւ այսօրվա դատավորի մասին որեւիցե բացասական բան չգիտեմ: Ավելին` նա դատական համակարգում հայտնի է ինքնուրույն, անաչառ»:
Արսեն Մկրտչյանն, իհարկե, տարակուսում է`ինչպե՞ս է դա հնարավոր լինում այսօրվա համակարգում, բայց, վճռին ծանոթանալուց հետո, «եթե նորություններ չհայտնաբերենք իրավաբանության մեջ», կարող ենք իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալ: Եթե պատճառաբանությունները լինեն նույնն, ինչ-որ նախկինում էին, ապա նախկինում տրված գնահատականները կվերաբերվեն նաեւ այս դատավորին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ