Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը տարիներ առաջ, երբ ՍԴ նախագահ էր, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հայտարարել էր՝ «Եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն՝ կանեն: Եվ հաճախ ինչ ուզում եւ ինչպես ուզում՝ անում են: Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, իսկ միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»:
Այսօր Aravot.am-ը, Գագիկ Հարությունյանին հիշեցնելով իր այս խոսքերը՝ հարցրեց՝ հիմա՞ ինչ կասեք, հիմա իշխանության վերին էշելոններում մարդիկ ինչպիսի՞ն են ու միջին օղակում բորենինե՞ր են, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ այս միջին օղակներում շատ ավելի խնդրահարույց երեւույթներ կան եւ իսկապես համեմատել եմ նաեւ բորենիների համաստեղության հետ: Այդ համաստեղությունը գոյություն է ունենում այն պարագայում, երբ իշխանության համակարգը, ինստիտուտները արդյունավետ չեն գործում: Իսկ հիմա միջին օղակներն ու վերինը համեմատելու ժամանակ չեմ ունեցել, որովհետեւ գիշեր-ցերեկ փորձ ենք անում մենք այստեղ իրավիճակը փրկել: Մի տարի հետո կասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ