Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես փորձել եմ իր հետ խոսեմ, ինքը պարզապես չի ուզել, ասել է՝ էական բան չկա, փակել է այդ խոսակցությունը». Գագիկ Հարությունյան

Ապրիլ 10,2019 18:00

Այսօր լրագրողները Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին հարցրեցին՝ Մարտի 1-ի գործով դուք հարցաքննվե՞լ եք՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով: Նա պատասխանեց. «Արդարադատության իրականացմանը ՍԴ նախագահը չէր կարող խոչընդոտել»: Երբ ասացին, որ խոսքը ՍԴ անդամներից մեկի՝ Վալերի Պողոսյանի հետ է կապված՝ նա ասաց, որ չի հարցաքննվել՝ դիմեք Քննչականին:

Հարցին՝ 2008-ին Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում չի՞ գործադրվել՝ ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Իրեն հարցրեք: Ես տեղյակ չեմ եղել: Վալերի Պողոսյանն այդ օրը նիստի չի եկել, ներկայացվել է, որ հիվանդ է, հետագայում, երբ այդ խոսակցությունները եղան, մենք իմացանք, որ ինչ-որ բան է եղել: Ես փորձել եմ իր հետ խոսեմ, ինքը պարզապես չի ուզել, ասել է՝ էական բան չկա, փակել է այդ խոսակցությունը»: Գագիկ Հարությունյանն ասաց, որ իր նկատմամբ նման բան չէին կարող անել ու դրա մասին է վկայում 2003-ի իր որոշումը:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պարբերաբար բարձրաձայնում են, որ դատարանների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են լինում, ձեզ դատավորներն ահազանգե՞լ են ճնշումների հարցով՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, չի եղել: Ապրիլի 12-ին որոշում է եղել, մենք պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք, որ եթե որեւէ նման իրավիճակ կա, անպայման տեղյակ պահեք ԲԴԽ-ին, եւ եթե դուք չեք պահում, հնարավոր է ձեր նկատմամբ կարգապահական վարույթ լինի: Մինչ այժմ նման հարցադրում չէր եղել՝ բացառությամբ վերջերս եղավ մի հարցադրում՝ կապված մամուլում հրապարակված փաստերի հետ՝ կապված քաղաքի դատարանի նախագահի եւ Վերաքննիչ դատարանի նախագահի՝ ինչ-ինչ հեռախոսային զրույցի հետ: Հրապարակվել էր ինչ-որ նյութ, այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմեց իրավապահ մարմիններին, այսօր գործ է հարուցված եւ գործ է քննվում: Եթե այսօր նման բան լինի, կարգապահական վարույթ կլինի»:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ տարբեր մտայնության դատավորներ կան մեզ մոտ, տարբեր որակի. «Կան մարդիկ, որոնք բացարձակ պարտաճանաչ են, իրենց գործը կատարում են բարեխղճորեն, կան, որոնց մոտիվացիան փոխվել է եւ կան դատավորներ, որոնք դեռ մտածելու տեղ ունեն, թե ինչպես են շարունակելու: Որքան ջուրը պղտոր լինի՝ այդպիսինների համար լավ իրավիճակ է: Մեր խնդիրն այն է, որ թացը չորից առանձնացնենք, ունենանք մեխանիզմ»:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ համակարգում լուրջ խնդիրներ կան, օրինակ, 11 դատավորի թափուր տեղ կա, չեն կարողանում լրացնել: Նրա խոսքով՝ դատավորների աշխատավարձը շատ ցածր է, սոցիալական երաշխիքներ չկան. «Ասենք, նշանակում ենք, որ գնա Մեղրի, կամ գնում է Սյունիք, նա ի՞նչ երաշխիքներ ունի՝ իր ապագան պլանավորելու համար: Մասսայական մարդիկ դիմում են, ասում են՝ չէ, մեզ տեղափոխեք Երեւան, կամ Երեւանին մոտիկ տեղեր: Չենք կարող բոլորին Երեւան տեղափոխել՝ մանավանդ, որ նշանակելու ժամանակ բոլորն ասում են կգնանք, բայց մարդկային հարց գոյություն ունի: Մարդ է, նշանակել ենք Մեղրիում, աղջիկ է, ասենք, ուզում է ամուսնանալ, ասում է՝ ինձ աքսորել եք, որ ընտանիք չկազմեմ, հինգ տարի այստեղ եմ…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930