Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում դուք հարցաքննվել եք եւ տուժողի իրավահաջորդ եք նաեւ եղել, գործի ընթացքը ձեզ բավարարո՞ւմ է ու փորձե՞լ եք կրկին տեսակցել Ռոբերտ Քոչարյանին՝ նա պատասխանեց. «Որպես վկա հարցաքննվել եմ Մարտի 1-ի գործով: Որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, ով հանդես է եկել ՍԴ-ում եւ վիճարկել են ԿԸՀ ընդունած որոշումը՝ քվեարկության ընտրության արդյունքները վիճարկելիս: Բավարարում է արդյոք, թե ոչ՝ ես չեմ կարող ասել, ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում՝ ապահովվա՞ծ է արդյոք արդյունավետության բաղադրատարրը: Ես հայաստանյան դատարաններում եւ ՄԻԵԴ-ում ներկայացրել եմ Մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով 9 սպանվածների շահերը եւ նաեւ մի շարք ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը՝ ՄԻԵԴ-ում: Այդ գործերով սպասում են արդյունքների: Որպես արդարադատության նախարար՝ այլեւս ես չեմ կարող լինել ներկայացուցիչ, դա կլինի շահերի բախում»:
Ինչ վերաբերում է Քոչարյանին տեսակցելուն՝ նա ասաց, որ ինքը նախարար է եւ կարող է այցելել յուրաքանչյուր խուց եւ տեսնել յուրաքանչյուր խցի պայմաններ. «Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում, Ռոբերտ Քոչարյանը միանձնյա է, եւ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում նրա հետ՝ այդ անձնավորության հետ եւ պետք է հարգել նաեւ այդ անձի իրավունքներն ու այս վեճը մշտապես չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ՝ մեր տեսակետը հաստատելու համար, հետեւաբար մենք սրա վերաբերյալ փաստ եւ տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաեւ մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:
Հիշեցնենք, որ լուրեր կան այն մասին, որ Զեյնալյանը փորձել է այցելել Քոչարյանին, Քոչարյանը մերժել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ