«Արդյոք բանկերի վարկային տոկոսադրույքները պետք է սահմանափակվեն վերին շեմով: Այո, պետությունը պետք է միջամտություն ունենա»: Այս կարծիքին են հանգել «Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության բացահայտման ակնարկ» հետազոտության հեղինակները, որոնք «Հոդված 3» ակումբում ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները:
Ֆինանսա-վարկային ոլորտում կատարված ուսումնասիրությամբ հեղինակները պարզել են՝ մինչեւ 2018 թվականը ժամկետանց վարկերի դեպքում անսահմանափակ տույժ-տուգանքներ էին կիրառվում: Հետո օրենսդրական փոփոխությամբ սահմանվեց՝ տույժ-տուգանքները չպետք է գերազանցեն տրամադրված վարկի չափը:
Ուսումնասիրության հեղինակ Արթուր Հարությունյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ եթե բանկերը ներեին հաշվարկված տույժ-տուգանքները, ապա նրանք կազատվեին հարկային պարտավորություններից. «Այս առումով կար որոշակի տեղաշարժ. բանկերը նախկինում հաշվարկված տույժ-տուգանքները զիջեցին»:
Բայց, ինչպես Հարությունյանն ասաց, ընդունվել է նորմ, ըստ որի ֆինանսական կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է զիջել տույժ-տուգանքները. «Ասենք ունես 10 հազար դոլար վարկ, որից 8 հազարը տույժ է, եթե բերես 2 հազարը վճարես, մենք էն 6 հազարը կներեք, կմնա 2 հազար մայր գումարը: Այսինքն՝ «քերելու» տարբերակ է»: Հարությունյանն ասաց, որ այստեղ կա նաեւ կոռուպցիոն ռիսկը:
Կարդացեք նաև
Սակայն, ուսումնասիրության հեղինակի ներկայացմամբ, քաղաքացիները, որոնք 2017-ին էին վարկային պայմանագիր կնքել, երբ անսահմանափակ էին տույժ-տուգանքները, եւ վարկի ժամկետը 2020-2021 թվականներն են, ունենալու ենք դեպքեր, որ անսահմանափակ տույժ-տուգանքներ են կիրառվելու:
Մանրամասն՝ տեսանյութում
Ուսումնասիրության մեկ այլ հեղինակ՝ Նունե Դանիելյանն էլ ասաց՝ տույժ-տուգանքների նվազեցման գործընթացը պետք է կատարվի պատասխանողի դիմումի հիման վրա, սակայն շատ դեպքերում քաղաքացիները չգիտեն, որ կա հնարավորություն տույժ-տուգանքները նվազեցնելու եւ չեն ներկայանում դատարան:
Արթուր Հարությունյանն էլ փաստաբանական իր գործունեությունից օրինակ բերեց՝ 320 հազար դրամ, սպառողական վարկի դեպքում, անձը 2 անգամ խախտում է արել, տույժ-տուգանքները հասել էին 1 մլն 900 հազար դրամ, ընդ որում 150 հազար տոկոսներն էին. «Հնարավոր եղավ հասնել նրան, որ դատարանը վերջնական թիվ սահմանեց 750 հազար դրամ: Բայց այն քաղաքացին, որը նույն դատավորի մոտ էր ու չօգտվեց փաստաբանի ծառայությունից, մնաց մեծ թիվը ու շարունակվեց տույժ-տուգանքները»:
Հարությունյանի խոսքերով՝ քաղաքացիները պաշտպանված չեն բանկային եւ վարկային կազմակերպությունների չարաշահումներից. «Եթե այսօր բանկը կամ վարկային կազմակերպությունը ավել տոկոսադրույքով պայմանագիր կնքի, անձը, որպես օրենքի խախտմամբ պայմանագիր չի կարող վիճարկել: Որովհետեւ չկա օրենքով սահմանափակված տոկոս»:
Հեղինակներից Տաթեւ Մակարյանն էլ ոլորտում առկա խնդրին անդրադառնալով, նշեց՝ սպառողական վարկերի դեպքում, ասենք՝ քաղաքացին խանութից ապառիկով ապրանք է գնում, վարկային պայմանների մանրամասներին չեն ծանոթացնում. անհատական թերթիկը տրամադրում են ստորագրելուց ընդամենը 20 վայրկյան առաջ:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք արդարացված են ֆինանսական կառույցների հաշվարկած ռիսկերը, որոնք արտահայտվում են բարձր տոկոսադրույքներով. մեր այս հարցին ի պատասխան Մակարյանն ասաց՝ արդարացված չեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ