Այսօր Aravot.am-ը հարցրեց՝ ԱԺ ներկայիս պատգամավորները վարչապետին հարցրեցին, որ Բարձրագույն դատական ներկայիս խորհուրդը լեգիտիմ չէ, հաշվի առնելով, որ ԱԺ-ն նույնպես ցրվեց, քանի որ լեգիտիմ չէր, հետեւաբար այդ ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ անդամները նույնպես լեգիտիմ չեն եւ դուք էլ այդ պաշտոնում լեգիտիմ չեք:
Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդ Ազգային ժողովն ընտրել էր նաեւ վարչապետ, այդ ԱԺ-ն ընտրել էր նաեւ երկրի նախագահ, եւ երկրում պետք է լինի նաեւ ինստիտուցիոնալ հիշողություն: Չի կարելի ամեն ինչին մոտենալ՝ այս ինչ աշխարհ է, կքանդենք մենք եւ այլն: Դա շատ սխալ մոտեցում է: Պետք է զարգացում լինի եւ այստեղ որեւէ խնդիր չկա, իսկ ԱԺ պատգամավորը նրա համար է, որ ինչ մտածում է՝ ասի, բայց ամեն ասած չէ, որ պետք է հալած յուղի տեղ ընդունել»:
Հարցին՝ դատական համակարգի ներկայացուցիչները կոնկրետ ձեր լեգիտիմությունը վիճարկելու համար դիմել են դատարան՝ նշելով, որ ձեր տարիքը չի համապատասխանում, դուք ԲԴԽ լեգիտիմ նախագահ չեք, իրենք պատրաստվում են դիմել նաեւ ՄԻԵԴ, հետագայում, եթե ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի որոշում կայացնի, ԲԴԽ-ի որոշումները խնդրահարույց են լինելու, դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այդտեղ խնդիր չկա, որ հանգուցալուծում լինի: Քանի որ դատավորները դատական վեճ ունեն, ես չեմ մեկնաբանի նրանց ասածը եւ արածը: Այդտեղ որեւէ օրենսդրական խնդիր առկա չէ՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Դատական օրենսգրքով, ո՛չ էլ այլ իրավական ակտով: Նման սահմանափակում գոյություն չունի: Հարցադրումն այնտեղ վերաբերել է զուտ ընտրության կարգին, որը Դատական օրենսգրքով է նախատեսված, դրույթ կա, որը անցումային ժամանակաշրջանի համար այլ ընթացակարգ է սահմանել, այդտեղ որեւէ խնդիր գոյություն չունի»:
Գագիկ Հարությունյանը խոսեց անցումային արդարադատության եւ այլ հարցերի մասին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ