«Անհնարին է այսօրվա գործավարության պայմաններում որակ փոխել: Անհնարին է սուբյեկտիվ ազդեցությունների պայմաններում որակ փոխել, անհնարին է տարեկան երկու անգամ վիճակագրություն ամփոփելով՝ իրականության մասին պատկերացում ունենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Բարձրագույն դատական խորհրդի խնդիրների մասին՝ ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում խոսել էր դատական իշխանության անկախությանը խոչընդոտողների մասին: Թե ովքե՞ր են այդ խանգարողները՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ոչ թե խանգարողներ կան, այլ խանգարող հանգամանքներ. «Առ այսօր մեր գործունեությանը խանգարողներ չկան»:
Գագիկ Հարությունյանը համաձայն էր Փաշինյանի հետ, որ այսօր հնարավորություն կա ունենալ անկախ դատական իշխանություն: Հարցին՝ նախկին իշխանություննե՞րն էին խանգարում ունենալ անկախ դատական իշխանություն՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Հարցը վերաբերում է ընդհանրապես համակարգին, դրա գործունեության հիմքերին: Խանգարում էր այն, որ չկար այդ համակարգը, չկային այդ նախադրյալները, նաեւ տարաբնույթ սուբյեկտիվ միջամտությունները»:
Հարցին՝ վարչապետն ասում է՝ դատավորներին զանգեր չպետք է լինեն, նախկինում զանգեր լինո՞ւմ էին՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Այսպես կոչված հեռախոսային արդարադատությունը շատ պրիմիտիվ մոտեցում է այդ հարցին, որը ժամանակին կարող է շատ է եղել, քիչ է եղել: Արդարադատության համար անկախության երաշխիքները առնվազն 4-ը պետք է լինեն՝ ֆունկցիոնալը, ինստիտուցիոնալը, նյութականը, սոցիալականը: Ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքները դեռեւս այսօր էլ անբավարար են եւ մեր ամբողջ գործունեությունն այսօր ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը: Եթե դուք ստեղծում եք այդ օբյեկտիվ երաշխիքը, սուբյեկտիվ միջամտությունը զրոյացվում է, նվազագույնի է հասցվում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դեռ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ԲԴԽ անդամների ընտրությունն էր, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել ձեր ընտրությունը, ներկայումս ձեզ համար դժվար չէ՞ ընդունել նրան՝ որպես երկրի ղեկավար եւ ձեր հարաբերությունները այս պահին ինչպիսի՞ն են՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ, եւ այդ ընտրությունների արդյունքները որեւէ ձեւով չեն վիճարկվել եւ հարաբերություններն էլ պաշտոնական, նորմալ հարաբերություններ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ