Այսօր «Փաստարկ» ակումբում հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո հանրային սպասումները առաջին հերթին ուղղված էին կոռուպցիային, ապա այդ համատեքստում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, որոնք անշուշտ եւ անհապաղ պետք է որոշակի տեսանելի արդյունքներ տային, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ բռնելով չեն պայքարում: Դա ամբողջ աշխարհը գիտի: Ուստի չեմ էլ անդրադառնա նրան, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս ձերբակալվեցին: Մարդիկ հանցագործություն են գործել՝ ձերբակալվել են:
Աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը Չինաստանն է: Չինաստանում կոռուպցիայի համար գիտե՞ք ինչ է հասնում: Մահապատիժ: Կոռուպցիայի դեմ պայքարում են ինստիտուցիոնալ գործիքներ ստեղծելով: Եվ երբ կառավարությունը մի տարի կառավարելու ընթացքում այդպես էլ չհասցրեց ստեղծել էթիկայի հանձնաժողովի համարժեք կառույցը, որը նախատեսված էր սահմանադրությամբ ու ստիպված հետմահու օրենք անցկացրեց, եթե չեմ սխալվում նախավերջին քառօրյայի ժամանակ, որպեսզի մեր պաշտոնյաներն իրենց հաշվետվությունները ներկայացնեն նորից էթիկայի հանձնաժողով, որը շատ ավելի ցածր իրավական պատասխանատվություն սահմանելու հնարավորություն ունի, էլ ինչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ենք խոսում:
Կամ երբ խոսում ենք սպասելիքների մասին, եւ վարչապետն էլ շատ խրոխտ ու հպարտ խոսում է, որ Հայաստանում հիպոթեքային վարկերի բում է, շինարարության բում է: Մի կողմ դնենք, որ դա էլ է տնտեսության համար հետագայում խնդրահարույց: Բայց դա վարկածներից մեկն է: Աստված տա՝ ամեն ինչ հաջողի: Բայց ինչի՞ չի խոսում, որ 37% սպառողական վարկերի աճ կա: Եթե հիպոթեքային վարկերի շուրջ 100 % աճը տուն գնելու եւ այլնի բավական հաջող վարկավորման տեսակ է, ապա սպառողական վարկը օրվա կարիքները հոգալու խնդիր է: Սա էլ է՞ լավատեսությունից, որ մարդիկ սպառողական վարկերի 37 տոկոս աճ ունեն: Ի միջի այլոց, սպառողական վարկերը բանկային պրոդուկտների տեսանկյունից ամենածանրն են, դրանց տոկոսներն ամենածանրն են: Սրա մասին լուրերով չեն հայտնի եւ վարչապետն էլ իր լայվերում չի խոսի:
Ներդրումներն ու բյուջեի կատարողականն առանձին պատմություն է: Վարչապետն ԱԺ-ում խոսելիս հստակ արձանագրում է, որ մենք ունենք բյուջեի եկամտային տոկոսի աննախադեպ աճ: Ես հատուկ նայել եմ, թե որ թվականներին է առաջին եռամսյակում նույն գերակատարումը եղել՝ 2010 թվականին, 2011, 2013, 2017 թվականներին: Ընդ որում, այդ 40 միլիարդ թիվը նորմալ թիվ է, հարկահավաքը միշտ է տարվա սկզբին այդպես լինում եւ այստեղ արտառոց ոչինչ չկար: Հիմա ներդրումների մասին՝ ոնց է գոյանում ներդրումների այն աննորմալ թիվը, որը վարչապետը խոստանում է ու հպարտությամբ խոսում: Կառավարության գրեթե ամեն մի նիստում գերակա ոլորտներում ներկրումների, ներդրումների եւ այլնի համար այս կամ այն կազմակերպություններին արտոնություններ են տրվում: Դա միշտ եղել է: Այն խոստումը, որ կազմակերպությունը կատարում է որեւէ ապրանքատեսակ Հայաստան ներկրելուց առաջ, վարչախումբը ներկայացնում է որպես արդեն կայացած ներդրում: Այսինքն, եթե ինչ-որ մեկը խոստացել է, որ արտոնությունը ստանալու պարագայում գերակա ճյուղում իրականացնելու այս ու այն ոլորտային ներդրումները, ինքը դա ներկայացնում է որպես ներդրում: Այսպիսի բազմաթիվ պատմություններ կան ու այսպես կարելի է ոլորտ առ ոլորտ բացատրել, թե ինչպես են նկարվում գեղեցիկ թվերը: Բայց սա չի նշանակում, թե որեւէ բան չի արվել: Լիքը լավ բաներ էլ է արվել: Բայց չարժի արվածը նսեմացնել եւ զրոյացնել՝ փորձելով ուռճացնել գոյություն չունեցող բաներ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ