Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը հերքում է, որ իշխանությունը միլիոններ է ծախսում՝ ֆեյք էջեր պահելու համար. «Այսօր եթե մտնեք համացանց, իշխանությանը քննադատում են հազարավոր ֆեյք էջեր»

Ապրիլ 10,2019 16:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ գործունեության 1-ամյակի կապակցությամբ: ԲԴԽ-ում էր նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների հետ զրույցում ֆեյքերի դեմ պայքարի եւ դրա հետ կապված վարչապետի հանձնարարության կատարման մասին խոսեց. «226 հոդվածի հատկանիշներով է քրգործ հարուցված: Եթե ուսումնասիրեք, մեջն ամեն ինչ գրված է, մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետեւ քննության գաղտնիք է»:

Հարցին՝ նոր օգտատերեր ԱԱԾ-ի թիրախում հայտնվե՞լ են՝ Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն առհասարակ նախօրոք չի ասում իր անելիքները: Եթե կլինեն, անպայման կիմանաք: Կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան»:

Վանեցյանն ասաց, որ անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկն իրավունք չունի. «Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որի տարածման մեջ կա հանցակազմ: Մի դրվագին, օրինակ, վարչապետն անդրադարձել է»:

Դիտարկմանը, որ տվյալ դեպքում օգտատերը ուրիշի անունով հանդես չի եկել, «Դուխով Հայաստան» անունով է հանդես եկել՝ Վանեցյանն արձագանքեց. «Դուխով Հայաստան էջը վարող կա»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ միլիոններ են օգտագործել ֆեյք էջերը, ո՞վ է այդ միլիոններն օգտագործել «Դուխով Հայաստանի» դեպքում՝ Վանեցյանը պատասխանեց. «Երբ քննությունը կհասնի, երբ հնարավոր կլինի նախաքննության ընթացքում ստացված տվյալները բացահայտել, ամբողջությամբ պարզ կլինի: Հիմա ոնց էլ հարցը պտտեք, մեկ է, դրանից ավել բան չեմ ասելու»:

Հարցին՝ դա, այնուամենայնիվ, խմբակայի՞ն աշխատանքի արդյունք էր, կազմակերպվա՞ծ են գործում, ինչ-որ քաղաքական խնդի՞ր են լուծում, թե՞ չէ՝ Վանեցյանը պատասխանեց, որ որոշ ժամանակ երբ անցնի, նոր կկարողանա պատասխանել. «Իշխանությանը քննադատող ֆեյք էջի մասին չի խոսքը: Այսօր եթե մտնեք համացանց, իշխանությանը քննադատում են հազարավոր ֆեյք էջեր»:

Լրագրողները հարցրեցին՝ իշխանությունը միլիոններ ծախսո՞ւմ է ֆեյք էջեր պահելու համար՝ Վանեցյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, վստահաբար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930