Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Բարձրագույն դատական խորհուրդ: ԲԴԽ-ն ընդունելություն էր կազմակերպել՝ գործունեության մեկ տարվա կապակցությամբ: Այնտեղ էին Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ԱԺ փոխնախագահը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց որոշ տվյալներ, նա ասաց. ամբողջությամբ իրականացվել է դատական համակարգի՝ Սահմանադրությամբ նախատեսված ապակենտրոնացումը: Վերջինիս արդյունքում, երբ դատական գործերի բաշխման հարցում սուբյեկտիվ գործոնի չեզոքացման միջոցով բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացել են այդ երեւույթի ինստիտուցիոնալ նախադրյալները: Ցավոք, գուցե եւ առանձին, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված ջեբկիրության դրսեւորումներ կան, որոնք, սակայն, ջրի երես դուրս կգան առաջիկայում մշտադիտարկման նոր համակարգի արմատավորման պարագայում: Համակարգային ու փորձագիտական բազմագործոն վերլուծությունների արդյունքում բացահայտվել են համակարգի անկախավարության նեղ տեղերն ու սեւ խոռոչները: Կան մտահոգիչ երեւույթներ»: Գագիկ Հարությունյանը խոսեց արդարադատության մեծ ծախսատարության, դատավորների ծանրաբեռնվածության մասին:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ԲԴԽ-ին մեկ տարվա գործունեության առիթով՝ ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի ԲԴԽ-ի գործունեությունը. «Ժողովրդավարության օրինականության հարցում կարեւոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց որպեսզի այդ փոփոխությունները երաշխավորվեն ինստիտուցիոնալ առումով, հարկավոր է, որ ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ կարեւորագույնը անկախ դատական համակարգ»: Փաշինյանն ասաց, որ անկախության առաջին օրից էլ խոսել են դատական անկախ համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չի եղել այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմը. «Ես երաշխավորում եմ մի բան, որ ՀՀ-ում հաստատված իշխանության համար իրապես անկախ, ոչ թե թղթի վրա, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից: Ես ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել՝ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, միջամտել դատական համակարգի գործունեությանը: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ կգտնվեն մարդիկ, ովքեր գործում են կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ՀՀ ժողովրդի դեմ»:
Փաշինյանը կարեւորեց այն, որ դատական համակարգն էլ պետք է պատրաստ լինի սրան, ՀՀ-ում պետք է դատավորներ լինեն, որոնք պատրաստ են այս փոփոխությանը, պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում. «Դատական համակարգից պետք է իսպառ վերանա կոռուպցիան: ՀՀ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, ժողովուրդն անպայման գալու է իր հետեւից, եթե ոչ էսօր, ուրեմն վաղը: Այսօր մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ, մենք չունենք որեւէ քաղաքական խոչընդոտ՝ այդ հաղթանակին արգելակելու, խոչընդոտելու համար, հույս ունեմ, որ այսօրվա շանսը կօգտագործվի: Ես համոզված եմ, որ շանսը կօգտագործվի, բայց այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն դրա իրացմանը, եւ ովքեր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը: Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ արդյունքին կհասնենք շատ արագ, արդյունավետ: Իսկ եթե պարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը»:
Փաշինյանը բաժակ բարձրացրեց եւ շնորհավորեց ԲԴԽ անդամներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ