Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Եկեք հասկանանք, որ վարչապետն այս պահին ատում է ազգաբնակչության առնվազն հինգ տոկոսին»

Ապրիլ 10,2019 15:59

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որպես ներկա իշխանություններին ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձավ մասնավորապես վերջին երեք-չորս ամիսների ներքաղաքական, ներհասարակական գործընթացներին, որոնք ընկալումների առումով բավականին իրարամերժ, բեւեռացված են:

«Շատ կարճ խոսեմ հոգեբանական երկու հասկացությունների մասին: Առաջինը Մյունհաուզենի սինդրոմն է՝ հոգեբանության մեջ շատ հայտնի հասկացություն, երբ մարդն սկսում է սուտ խոսել անդադար ու դա սովորություն է: Մարդն սկսում է սուտ խոսել քաղաքացիներին անձնագիր շնորհելու մասին, ներդրումների ծավալների մասին, հանցագործությունների քանակի, ամեն ինչի մասին:

Հոգեբանական երկրորդ հասկացությունը իդեա ֆիքսն է՝ կպչուն գաղափարը, երբ մարդն սկսում է ֆիքսվել որեւէ հասկացության վրա, առանց գիտակցելու, որ դա իրականության հետ կապ չունի: Ես ուզում եմ բոլորս հասկանանք, որ այս պահին ՀՀ վարչապետը փաստացի ատում է Հայաստանի ազգաբնակչության առնվազն հինգ տոկոսին: Նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր վերջին ընտրություններում Հանրապետական կուսակցությանը ձայն են տվել: Այսինքն, ցանկացած քննադատություն, կապ չունի՝ առողջ, թե անառողջ, կապ չունի՝ տիկին Հակոբյանը իրո՞ք ասել է այն, ինչ ասել է, թե՞ չէ, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե դա պարտադիր մենք ենք տարածում, ընդ որում, տարածում ենք սրիկայաբար կոնտեքստից կտրելով եւ վերջ: Իմ կարծիքով հինգ տոկոսն էլ խնդրահարույց է: Եկեք համաձայնենք, որ դա առնվազն է, այլ ոչ թե իրական: Վարչապետը տալիս է որակումներ, չի ուզում լսել իրենց եւ անգամ ոչ այդ մարդկանց թվում գտնվողների քննադատությունը փորձում է անցկացնել այդ հինգ տոկոսի մեջ, որպեսզի չտեսնի:

Ես համաձայն եմ պարոն Փաշինյանի այն պնդման հետ, որն ըստ իմ տեղեկությունների, երեկ թե առաջին օրը արել է «Իմ քայլը» խմբակցության ժողովի ժամանակ, որ իրենք տանուլ են տալիս քարոզչական պատերազմում: Բայց տանուլ են տալիս ոչ թե այն պատճառով, որ կան մարդիկ, որոնք չեն ուզում որպեսզի պետությունը կամ իշխանությունները հաջողեն, այլ տանուլ են տալիս, որովհետեւ դիլետանտիզմով են տառապում: Ուստի խորհուրդ կտամ պատգամավորական կորպուսին ձիգ կանգնած, ականջալուր լսել վարչապետի խոսքերը», – ասաց Հայկ Մամիջանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930