Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Հայկ Սարգսյան. «Անչափահաս տարիքում ավագ ընկերոջս անձնագրով խաղադրույք եմ արել»

Ապրիլ 10,2019 15:41

«Դեմ եմ բուքմեյքերական գրասենյակները փակելուն: Թող վիճակախաղերն արգելեն, բայց այդ ամենը տեղի է ունենում հիմնականում օնլայն ձեւով, այդ պատճառով դեմ եմ գրասենյակների փակմանը»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Երեւանում արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, եւ այն թույլատրել միայն սահմանված վայրերում: Այն դեռեւս քննարկվում է հանձնաժողովում:

«Ես գիտեմ մարդկանց, որոնք նախկինում ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ էին գնում գրասենյակում խաղադրույք անում, իսկ հիմա՝ առցանց տիրույթում, ամեն օր կարող են անել: Տանը պառկած՝ կարող է աշխատավարձդ դնես խաղադրույքի վրա, եւ որեւէ մեկն այդ մասին չիմանա»,-նշեց Հայկ Սարգսյանը՝ ցանկանալով մատնանշել, որ խնդիրն առցանց հարթակում է:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հանձնաժողովի նիստում ասել էր, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմաց բուքմեյքերական կետ է գործում:

Հայկ Սարգսյանն այս առնչությամբ Ալեն Սիմոնյանին ասաց. «Մոռանում եք, որ ուսանողը հենց Բժշկական համալսարանի լսարանում կարող է հեռախոսով խաղադրույք կատարել: Բացի այդ, եթե բուքմեյքերական գրասենյակները փակեք, հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ: Մյուս կողմից, ինչո՞ւ չեք ասում, որ զինվորներն ու ոստիկանները ծառայության ժամանակ օնլայն են խաղում»:

Ինչ վերաբերում է անչափահասներին խաղադրույք անելն արգելելուն, Հայկ Սարգսյանը մատնանշեց, որ դա արդյունավետ գործիչ չի լինի, քանի որ յուրաքանչյուր անչափահաս, միևնույնն է, կարող է խաղադրույք անել. «Օրինակ` ես անչափահաս տարիքում ավագ ընկերոջս անձնագրով եւ տվյալներով խաղադրույք եմ արել: Նման հնարավորություն ունեն բոլորը՝ առանց բացառության: Չկա անչափահաս, որը չունենա այդպիսի մի ավագ ընկեր կամ եղբայր»:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ դիտարկումների հետ չհամաձայնեց. «Ինձ հետաքրքիր են միայն 63 հազար խաղացող մարդիկ, ոչ թե մի կազմակերպության 100-200 աշխատատեղերը, որոնք մասնագիտական չեն: Նրանք «ստավկա» ընդունող են եւ սեւ շուկա ձեւավորողեր, իսկ ՀՀ-ում 3000 մարդ համարվում է մոլի խաղացող: Նրանք բոլորն են միլիարդատեր են դարձել՝ ՀՀ քաղաքացիների հաշվին: Ինչո՞ւ են նոր գրասենյակներ բացվում, եթե առցանցն ավելի աշխատող է: Իսկ տունը կորցրած եւ պարտքերի տակ ընկած խաղացողները ո՞նց վերականգնեն իրենց ունեցվածքը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2024558121179098/

https://www.facebook.com/aravot.am/videos/585556831940308/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930