Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վախը վաղուց չափված է. ցանկացած տեղ կարող են դիմել». Նաիրա Զոհրաբյանը ՀԿ-ների՝ ԵԽԽՎ դիմելու մասին

Ապրիլ 10,2019 15:19

«Ինձ նման տեղեկություն հայտնի չէ. ցանկացած տեղ կարող են դիմել, յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները, ազատ է անել իր քայլերը, որը գտնում է նպատակահարմար»,- Aravot.am-ի հարցին՝ տեղյա՞կ է, որ Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նամակ են գրել ԵԽԽՎ Ընդդեմ խտրականության կոմիտեին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Մեզ հետ զրույցում պատգամավորը կարևորեց ԱԳ նախարարության հստակ հայտարարություն-արձագանքը միջազգային որոշ կառույցների հայտարարություններին ի պատասխան: Այնուհետև հավելեց. «ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից որևէ մեկի իրավունքները չեն խախտվել, գործել եմ և շարունակելու եմ գործել օրենքի, ԱԺ կանոնակարգ օրենքի և սահմանադրության շրջանակում, մնացածն իրենց գործն է և իրավունքը»:

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ ԱԺ-ում մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի կողմից մարդու իրավունքների թեմայով հանրային լսումների ժամանակ, երբ ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նրան դուրս գալ ԱԺ նիստերի դահլիճից, այն պահին, երբ նա արդեն դուրս էր գալիս՝ մի խումբ այլ անձանց հետ: Դրանից հետո Նաիրա Զոհրաբյանի շուրջ տարբեր քննարկումներ ծավալվեցին: Այս առիթով տիկին Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը տվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Իմ կողմից, որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, որևէ կանոնադրական օրենք չի խախտվել, ես գործել եմ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի կետին, տառին համաձայն, որևէ մեկի իրավունքը չեմ խախտել, որևէ սխալ քայլ իմ կողմից չի եղել, իսկ թե ով ինչ է ասում, ով որտեղ է նամակ գրում, ով ինչ կարգի հայտարարություն է անում, ես ուղղակի անիմաստ եմ համարում այդ անհեթեթություններին պատասխանել»:

Դառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, թե Լիլիթ Մարտիրոսյանին տիկին Զոհրաբյանն է հրավիրել, պատգամավորը պատասխանեց. «Ես էլ պահանջել եմ և նաև պահանջս մնում է ուժի մեջ՝ հրապարակել իմ կողմից ուղարկված հրավերը: Հրավերները եղել են եռակողմ, հրավերի տակ ստորագրել եմ ես, ՄԱԿ-ում ՀՀ համակարգողը և օմբուդսմենը: Հրավերներ ուղարկվել են բացառապես միջազգային կառույցների ներկայացուցիչներին և պատկան մարմիններին, ուստի շարունակում եմ սպասել իմ կողմից այդ անձնավորությանն ուղարկված հրավերին, որը չկա և չէր կարող լինել: Իսկ այն, ինչ թափահարվում էր ԱԺ բակում, ԱԺ անվտանգության պահանջով այն ՀԿ-ների ցուցակն էր, որոնք իրենք դիմել էին մեր հանձնաժողովին, ասել էին, որ իրենք ներկայացնում են ՀԿ-ներին, որոնք պատրաստ են խոսել դատաիրավական բարեփոխումների, հաշմանդամություն ունեցող մարդկանց և երեխաների մասով, և մեր քարտուղարությունը գրանցել է: Մենք որևէ իրավասություն չունեինք նրանցից արյան կամ ԴՆԹ անալիզ վերցնել»:

Հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ Դուք այս օրերին տրանսգենդեր համայնքի կողմից բազում անձնական սպառնալիքներ եք ստանում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ընդամենը մեկ բան կարող եմ ասել: Ինձ ճանաչողները պիտի վաղուց իմացած լինեին, որ ինձ վախեցնել, կոտրել, ստիպել հրաժարվել իմ սկզբունքներից ուղղակի անհնար բան է: Այնպես որ, իմ վախը վաղուց չափված է, և որևէ պետական պաշտպանության տրամադրման անհրաժեշտություն ուղղակի չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930