ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկեցին «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներից է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ Երեւանում արգելվելու է բուքմեյքերական գրասենյակների՝ բեթշոփերի գործունեությունը: Ըստ նախագծի՝ բեթշոփերը կարող են միայն առցանց խաղադրույքներ կատարել:
«Առցանց տիրույթի դրական կողմն այն է, որ մենք կարողանում ենք վերահսկել «նիսյաները», անչափահասների կողմից խաղալու փաստը, դրամական շարժերը»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նախագծի՝ արտերկրում գործող, այդ թվում՝ բրիտանական եւ թուրքական բուքմեյքերական ընկերությունները չեն կարող իրենց ծառայությունները գովազդել ՀՀ տարածքում, ուստի ՀՀ քաղաքացիները չեն կարողանա մասնակցել այդ ընկերությունների խաղադրույքներին:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այս նախագծով արգելվում է ՀՀ տարածքում ավտոմատացված սարքավորումներով վիճակախաղերի կազմակերպումը, ուստի գազալցակայաններում այլեւս խաղային սարքավորումներ չեն լինի:
Կարդացեք նաև
Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության մոտեցումը դրական է: Այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նիստին ներկա Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանը. «Այդ մոտեցումներն ընդունելի են գործադիրի համար»:
Նախագիծը, սակայն, հանձնաժողովականների քվեարկությանը չդրվեց: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի որոշմամբ՝ տասը օրում տեղի կունենա աշխատանքային փակ հանդիպում-քննարկում, որից հետո միայն հանձնաժողովը կորոշի՝ դրական եզրակացություն տա՞լ նախագծին, թե ոչ:
https://www.facebook.com/aravot.am/videos/585556831940308/
https://www.facebook.com/aravot.am/videos/335823307071057/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ