Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. «Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու». «Փաստ»

Ապրիլ 10,2019 12:54

«Փաստի» հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը հիշեցնում է, որ բազմիցս քննարկումներ են եղել՝ ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին ստիպված չլինի դիմել ՄԻԵԴ: Փաստաբանը նշում է, որ չպետք է խուսափենք ՄԻԵԴ-ի վճիռներից:

Կարծիք է շրջանառվում, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո ոչ թե պետությունը պետք է վճարի քաղաքացուն, այլ՝ վճիռը կայացրած դատավորը: Զրուցակիցս ընդգծում է, որ սա բավականին լուրջ թեմա է, և այն չպետք է դիտարկել միայն Հայաստանի օրինակով:

«Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 46 երկրներից և որևէ մեկի օրենսդրությունն այդպիսի պահանջ չի պարունակում՝ համենայն դեպս անցած տարվա իմ ունեցած հստակ տեղեկություններով: Վստահեցնում եմ, որ նման պահանջի առկայությունը դատարաններին կաշկանդելու է արդարադատություն իրականացնել:

Անձամբ իմ պրակտիկայում եղել է նման դեպք, երբ դատարանը կոնկրետ դիրքորոշում հայտնեց՝ ուզո՞ւմ եք այնպիսի դատական ակտ կայացնեմ, որը բողոքարկվի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս խնդրին պետք է շատ նրբորեն մոտենալ:

Ես, օրինակ, համաձայն չեմ այդպիսի իրավակարգավորման հետ, որովհետև այստեղ հարց է առաջանում: Տեսեք, ցանկացած դատական ակտ կայացվում է առաջին ատյանի դատարանում: Եթե այն կայացվել է նյութական և դատական սխալի հիման վրա, վերաքննիչ դատարաններն իրավունք ունեն բեկանելու: Վերաքննիչ դատարանի հրապարակած դատական ակտերը կարող է բեկանել Վճռաբեկ դատարանը: ՄԻԵԴ կարող ենք դիմել միայն ներպետական դատական ատյանները սպառելուց հետո: Հարց է առաջանում՝ եթե ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ հրապարակի՝ ո՞ր դատավորին են պատասխանատվության ենթարկելու: Առաջին ատյանի դատավորը կասի՝ եթե դատական սխալ որոշում էի կայացրել, վերաքննիչը թող բեկաներ: Եթե վերաքննիչ դատարանի դատավորներին պատասխանատվության ենթարկեն, կասեն՝ թող Վճռաբեկը բեկաներ, փոփոխեր: Հետևաբար այստեղ դատավորներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը միանշանակ չէ: Չեմ ասում, որ դատավորներին դուրս թողնենք պատասխանատվության այդ ինստիտուտից: Հնարավոր է ձևակերպել այնպիսի գործիքակազմեր, որոնք դատավորներին մի կողմից չեն կաշկանդի արդարադատություն իրականացնել, մյուս կողմից էլ կդնեն մի շրջանակի մեջ, որ դատարանները հստակ կգիտակցեն՝ ակնհայտ դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման պայմաններում իրենք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ դրամական: Սա փորձագիտական մակարդակի քննարկման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիր է, սա միայն Հայաստանի խնդիրը չէ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930