2016 թ. մարտի 16-ին Կապանի զորամասերից մեկում շարքային Սեւակ Համբարձումյանին հայտնաբերել են մահացած՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Հարուցվել էր քրեական գործ: Դատաքննությունն ընթացել էր Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Սեւակ Համբարձումյանի ծառայակից Նարեկ Չիչակյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել հինգ տարվա ազատազրկման:
Նրա շահերի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանն այդ որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում. բողոքի քննությունն ընթացքի մեջ է: «Առավոտի» հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը բարձրաձայնեց մի շարք հանգամանքների մասին, որոնք, նրա բնորոշմամբ, արտառոց իրավիճակ են ստեղծել այս գործի քննության ընթացքում: «Այն հատվածը, որտեղ Սեւակ Համբարձումյանը հայտնաբերվել է, փակ տարածք է՝ բետոնապատ, ընդհանուր մակերեւույթից ցածր: Այդտեղ զինվորները զենքը բերում են նորմալ նշանազարկի: Դեպքի օրը, ըստ փաստական հանգամանքների, Սեւակ Համբարձումյանը շարքից դուրս է եկել, գնացել տվյալ տարածք՝ զենքը նորմալ նշանազարկի բերելու, որից հետո լսվել է կրակոց, եւ նրան հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Իմ պաշտպանյալին մեղադրանք էին առաջադրել այն հիմքով, թե իբր նա պարբերաբար բռնությունների է ենթարկել Սեւակ Համբարձումյանին, ինչի հետեւանքով Սեւակ Համբարձումյանը դիմել է ինքնասպանության»,-պատմեց Վահան Հովհաննիսյանը:
Նա գործում առկա այլ փաստական հանգամանքներ թվարկեց. «Հիմնավորված՝ հաստատված հանգամանք է այն, որ բոլոր զինվորներն այդ օրը ստացել են ինը փամփուշտ: Սեւակ Համբարձումյանի ինքնաձիգում բոլոր ինը փամփուշտներն առկա են եղել: Փորձագետի եզրակացության մեջ ասվում է՝ «հնարավոր չէ ասել, թե զենքը վերջին անգամ երբ է կրակել»: Այդ զենքից կրակված չէ, որովհետեւ բոլոր ինը փամփուշտներն առկա են եղել: Քննիչը, կատարելով դեպքի վայրի զննություն, առգրավել է դեպքի վայրում առկա բոլոր պարկուճները:
Ըստ փորձաքննության՝ պարկուճներից որեւէ մեկը Սեւակ Համբարձումյանի ինքնաձիգից կրակված չի եղել: Այսինքն, ի սկզբանե, սպանության վարկածն էր շրջանառվում, որի առնչությամբ մենք նախաքննության եւ դատաքննության ընթացքում շատ միջնորդություններ ենք արել, որպեսզի այդ վարկածը քննարկվի, քանի որ հայտնի չէր, թե ինչ հրազենից է կրակվել: Սակայն այդ վարկածին ուշադրություն չդարձվեց: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում մենք կարծիք ենք հայտնել, որ իմ պաշտպանյալ Նարեկ Չիչակյանից կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում՝ բռնությունների արդյունքում: Կորզել են ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ ինքն է Սեւակ Համբարձումյանին հասցրել ինքնասպանության: Նախաքննությունը եւ դատաքննությունը չեն պարզել, թե արդյոք Սեւակ Համբարձումյանն այլ անձանց հետ խնդիրներ կամ անձնական խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սահմանափակվել են այդ ինքնախոստովանական ցուցմունքով եւ որեւէ այլ վարկած չեն քննարկել: Առաջին ատյանի դատարանում դատավորին վեց անգամ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, վեցն էլ մերժվել են»:
Վահան Հովհաննիսյանի խոսքով. «Ըստ գործի նյութերի՝ հաստատված է, որ դեպքի նախորդ գիշերը Սեւակ Համբարձումյանը հեռախոսով խոսել է ծնողի հետ եւ իմանալով, որ նա երկու օրից գալու է, խնդրել է բերել հիգիենայի պարագաներ եւ սնունդ: Մենք առաջ քաշեցինք հետեւյալ վարկածը՝ եթե անձն առավոտյան ինքնասպանություն է պատրաստվում գործել, ինչպե՞ս կարող է ծնողից սնունդ ու հիգիենայի պարագաներ խնդրել: Բացի այդ, վաղ առավոտյան Սեւակ Համբարձումյանը նորմալ տրամադրությամբ մտել է բաղնիք, սափրվել, դուրս եկել: Զինվորներն են ցուցմունքներում դա փաստել: Տրամաբանական չէ, որ նա երեք ժամ անց ինքնասպանության է դիմել: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ նման սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքում փորձագետին հարց է առաջադրվում՝ «արդյոք կրակոցը եղե՞լ է ընդհուպ», այսինքն՝ կրակոցի պահին ինքնաձիգի փողը հպված եղե՞լ է անձի դեմքին, թե՞ ոչ:
Սակայն այս գործի պարագայում այդ հարցը չէր առաջադրվել փորձագետին, մենք մինչեւ հիմա չունենք այդ պատասխանը, չգիտենք՝ այդ դիրքով Սեւակ Համբարձումյանն իրեն կարո՞ղ էր վնասվածք պատճառել, թե՝ ոչ: Միջնորդել ենք կրկնակի փորձաքննություն նշանակել, սակայն այդ միջնորդությունը եւս չի բավարարվել: Այսինքն, ի սկզբանե խիստ կողմնակալ քննություն է իրականացվել: Հիմա գործը Վերաքննիչ դատարանում է, ապացույցները հետազոտված են, անցել ենք միջնորդությունների փուլին, պատրաստվում ենք նշյալ միջնորդություններն անել»:
Ապա մեր զրուցակիցը մեկ այլ ուշագրավ հանգամանք մատնանշեց. «Դատաքննության ընթացքում Սեւակ Համբարձումյանի ընտանիքից որեւէ անձ չէր գալիս նիստերին, ինչը տարօրինակ էր: Պատճառը չգիտեինք: Երբ գործն արդեն վերաքննիչում էր, ինձ զանգեց Սեւակ Համբարձումյանի մայրը եւ խնդրեց հանդիպում: Նա ինձ ասել է, որ այլ ազգականներ իրեն դիտավորյալ չեն թողել գալ եւ դատաքննությանը ներկա լինել, եւ ինքը համոզված է, որ Նարեկ Չիչակյանն անմեղ է եւ իր որդուն չի դրդել ինքնասպանության: Ըստ նրա՝ այլ պատճառներ կան, սակայն որեւէ մեկը չի ուզում այդ հանգամանքները բացահայտել: Այսինքն, մահացած երեխայի մայրն է ասում, որ գործը սխալ ընթացքով է քննվել: Նարեկ Չիչակյանը չի կատարել այդ հանցագործությունը: Մայրն այդ մասին դիմում է գրել, որը մենք վերաքննիչ բողոքի համատեքստում ներկայացրել ենք Վերաքննիչ դատարանին»,-պատմեց Վահան Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշեց, որ դատաքննության ընթացքում երեք վկա ցուցմունք է տվել այն մասին, որ մի քանի անգամ չնչին պատճառներով Սեւակ Համբարձումյանի եւ Նարեկ Չիչակյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն. «Իսկ 17 վկա ցուցմունք է տվել, որ նրանց միջեւ բացասական հարաբերություններ չեն եղել, որ Նարեկ Չիչակյանը ճնշումներ չի գործադրել Սեւակ Համբարձումյանի վրա: Դատաքննությամբ, սակայն, միայն նշյալ երեք վկաներն են հարցաքննվել: Մենք միջնորդել ենք 17 անձանց էլ հարցաքննել, սակայն դատարանը մերժել է: Պատրաստվում ենք նույն միջնորդությունը կատարել Վերաքննիչ դատարանում: Ի դեպ, երեք զինվորների որոշ ցուցմունքներում ասվում է, որ Ռազմական ոստիկանությունում իրենց վրա ճնշումներ են եղել»:
Ա. «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ դատաքննության մյուս մասնակիցների կարծիքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.04.19