Նախկին իշխանությունները չեն էլ փորձում թաքցնել ռեւանշի հասնելու իրենց «ռազմավարությունը»։ Այն է՝ քաղաքական դաշտում սսկված մնալ, սպասել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 50 տոկոսից իջնի, ու միանգամից բոլոր կողմերից հարձակվելով՝ «տուն ուղարկել»։ Դրա համար էլ բաց չեն թողնում իշխանությունների վարկանիշը գցելու քարոզչական ոչ մի առիթ ու բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են այդ ուղղությամբ։ Եվ որեւէ նշանակություն չունի՝ խոսքը պաշտպանության նախարարի հայտարարությա՞ն մասին է, վարչապետի տիկնոջ ելույթի իմաստը խեղաթյուրելո՞ւ, հարկեր թաքցնելու կասկածանքով որեւէ ընկերության տնօրենին ձերբակալելո՞ւ, թե տրանսգենդերի ելույթի։
Քարոզչական տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած իրադարձություն կամ ցանկացած ելույթի ցանկացած պարբերություն խեղաթյուրել այնպես, որ մարդկանց մոտ իշխանություններին օր առաջ «տուն ուղարկելու» ցանկություն առաջանա։ Ափսոս միայն, որ այս ռազմավարությունը կիրառողները չեն ասում, թե ինչ է լինելու իշխանություններին «տուն ուղարկելուց» հետո։ Հո չե՞ն ասելու «իսկ հետո կվերադառնանք մենք, ու ամեն ինչ կշարունակվի առաջվա պես»։
Որպես քաղաքական պայքարի ռազմավարություն սա գուցեեւ նորմալ ընկալվեր, բայց մեծ հաշվով՝ այս ամենը քաղաքական պայքարի հետ կապ չունի, սա քաղաքական պայքար չէ: Ըստ էության՝ սա պայքար է մարդկանց այն խմբերի միջեւ, որոնցից մեկն ուզում է օրենքներով ապրել, իսկ մյուսը ցանկանում է, որ օրենքներով ապրի միայն «հասարակ ժողովուրդը», իսկ իրենք արտոնյալ պայմաններում լինեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում