Մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց գործադիրի կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է։
«Էքսպերտ թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ սեղմված գազը կիլոգրամով վաճառելու համար նախատեսված սարքավորումները լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում գազալցակայանների սեփականատերերի մոտ, բայց ավելանում է հարկային բեռը։ Տեղեկացնենք, որ 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով՝ 34 հազար դրամ։
«Տնտեսական հաշվարկներ են. «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՊԵԿ-ի հետ գազալցակայանների հաշվարկները բավականին բարդանում են, քանի որ նրանք գազը ստանալու են խորանարդ մետրով, բայց վաճառելու են կիլոգրամով։ Այն հարցը, թե ինչպես են հաշվարկ անելու, դեռեւս օդում կախված է։ Այդ հաշվարկի գործընթացը բարդանում է, եւ կարելի է ասել, որ դառնում է անվերահսկելի։ Չէ՞ որ գազի խտությունը տարբերվում է. փոփոխական է, մշտական չէ, օրվա տարբեր ժամերին կարող է տարբեր խտություն ունենալ, եղանակից եւս կախված կարող է այն տարբեր լինել։ Նման դեպքերում ՊԵԿ-ում այս հարցերին այլ ձեւով են նայում, չեն խորանում դետալների, նրբությունների մեջ։ Դե արի ու ապացուցի, որ խորանարդ ստացել եմ, կիլոգրամով վաճառում եմ, սա է ստացվել։ Կաշխատեն մեկ ամիս, կտեսնեն ինչ է ստացվում, կսկսեն գինը բարձրացնել կամ կբերեն այն համապատասխան գնին, որից իրենք չեն տուժում։ Հո մինուսով չե՞ն աշխատելու»,- անկեղծացավ մասնագետը՝ միաժամանակ նկատելով, որ այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել՝ կբարձրանա գինը, թե ոչ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում