Նախօրեին բավականին սրվեց «Իմ քայլը»-ԲՀԿ կամ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունը: Ապրիլի 9-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ գնահատական էր հնչեցրել հայտնի «տրանսգենդերային» աղմուկի մեջ ԲՀԿ դերի կապակցությամբ, գործնականում մեղադրելով կամ կասկածելով «քաղաքական սադրանքի» համար, որ, ըստ նրա, կազմակերպվել է հեղափոխության և կառավարության դեմ: Ավելի ուշ, ՊԵԿ-ը սկսեց հատուկ գործողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում:
Ինչո՞ւ սրվեց իշխանության և ԲՀԿ հարաբերությունը: Արդյո՞ք միայն տրանսգենդերի աղմուկի պատճառով, որ առաջացավ ԲՀԿ գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումների արդյունքում: Թե՞ այստեղ դեր խաղաց այն, որ ԲՀԿ-ն փորձեց այդ աղմուկի համար պատասխանատվությունը գցել «Իմ քայլի» վրա, ինչն էլ նյարդայնացրեց Նիկոլ Փաշինյանին՝ հիմք տալով եզրակացնել կամ ենթադրել, որ եղել է կազմակերպված սադրանք: Թե՞ Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ տեղեկություններ, որ իրապես եղել է սադրանք: Եթե այդպիսի տեղեկություններ կամ ապացույցներ կան, դրանք կհրապարակվե՞ն: Թե՞ գործ ունենք այլ իրադրության հետ, երբ խոսքն արդեն ավելի լայն քաղաքական դասավորության մասին է:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իր մեջ պարունակում էր ակնարկ Ծառուկյանին այն համատեքստում, որ նա չի տիրապետում իր քաղաքական թիմի վարքագծին կամ, այլ կերպ ասած՝ կուսակցությանը: Արդյո՞ք այստեղ դարձյալ չի հառնում Գագիկ Ծառուկյան խոշոր գործարարի և քաղաքական կյանքի անհամատեղելիության գործոնը, որը գործնականում պարբերաբար առաջացել է ԲՀԿ գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում:
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն, ստեղծվելով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի անմիջական ներգրավվածությամբ, ժամանակի ընթացքում այդուհանդերձ վերածվեց յուրօրինակ ներհամակարգային բաժնետիրական կուսակցության, որտեղ իրենց մասնաբաժիններն ունեին իշխող համակարգի տարբեր դերակատարներ, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանն այդ հանգույցում կամ սարդոստայնում էր, և նրա քաղաքական կարիերան ճոճվում էր կամ տատանվում ըստ այն հանգամանքի, թե ԲՀԿ ներհամակարգային բաժնետերերից ով էր տվյալ պահին եղանակ ստեղծում և օրակարգ կամ գործընթաց թելադրում, այդ թվում նաև Ռուսաստանի միջոցով:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: