Այն, որ առհասարակ հարկեր թաքցնելը պատժելի է, իսկ օրենքի դաշտում աշխատելը՝ պարտադիր, միանշանակ է, և այդ հարցը ոչ ոք չի վիճարկում: Բայց կան դեպքեր, որոնք մտածելու տեղիք են տալիս առհասարակ տնտեսվարող-պետություն հարաբերությունների տեսանկյունից: Այս օրերին ականատես եղանք «Սպայկայի» շուրջ ծավալվող գործընթացներին: Ու քանի որ «Սպայկան» ընդամենը օրինակ է, և չի բացառվում, որ նման դեպքեր կրկին կարող են լինել, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք այսպիսի խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորության մասին: Խոսքը հատկապես բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համատեքստում է:
«Փաստի» հետ զրույցում Գագիկ Վարդանյանը նախ ընդգծեց.
«Սկզբում կցանկանայի համառոտ անդրադառնալ «Սպայկա» ընկերության անցած ուղուն, որը սկիզբ է առնում 2001 թվականից: Ովքեր հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում լոգիստիկան ու թե այն ինչ նշանակություն ունի ծովային ելք չունեցող, տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրի համար, ապա համոզված եմ՝ ստեղծված իրավիճակը կարող է տարակուսանք առաջացնել, եթե չասեմ՝ արդարացի վրդովմունք: Մարքեթինգ, լոգիստիկա, արժեքի ստեղծման շղթաների բնագավառներն ուսումնասիրողների համար «Սպայկայի» պատմությունը Հայաստանի անկախությունից ի վեր բիզնեսի բնագավառում հաջողված պատմության դասագրքային օրինակ կարող է հանդիսանալ: «Սպայկա»-ն այլևս դարձել է հայկական բրենդ»:
Շարունակելով ու անդրադառնալով վերոնշյալ թեմային ու դիտարկումներին՝ Գագիկ Վարդանյանն ընդգծեց.
Կարդացեք նաև
«Այո, հարկեր թաքցնելը լավ բան չէ և օրենքով պատժելի է: Ինչ վերաբերում է նման խնդիրներին ավելի նուրբ մոտենալու մեխանիզմների հնարավորությանը, ապա այդ դիտարկումը ինձ հիշեցրեց մի դրվագ՝ կապված ՀՀ հարկային տեսչությունում 1998-99 թթ. իմ աշխատանքային գործունեության հետ: Խոսքը վերաբերում է խաղատներին: Իմ հանձնարարականներով հարկայինի տեսուչներն այցելում էին խաղատներ ու կազմում արձանագրություններ՝ փաստացի օգտագործվող սեղանների վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի հաշվով, կարծեմ, նախատեսված էր ամսական 3 հազար դոլար հաստատագրված վճար: Լինում էին խաղատներ, որտեղ, օրինակ, 7 սեղանի փոխարեն նախապես հարկային մարմին է ներկայացված եղել 2-ը: Այսինքն, 15 հազար դոլարի խոշոր չափերի հարկերից խուսափելու փորձի հետ գործ ունենք: Ըստ օրենքի՝ պահանջվում է քրեական գործ հարուցել: Բայց մենք այդպես չէինք վարվում և ոչ էլ «կապարակնքում» էինք այդ հաստատությունը, այլ ասում էինք, որ տվյալ ամսվա հարկային պարտավորությունը կազմում է ոչ թե 6, այլ 21 հազար դոլար: Հետագայում այլևս այդպիսի դեպքերի չէինք հանդիպում: Հիմա, անցնելով «Սպայկային», պետք է ասել, որ վերոնշյալը հենց այդ «նուրբ մոտենալու մեխանիզմների» շարքից է: Կարծեմ, այդպիսի մոտեցման շնորհիվ 2018 թվականին, կատարելով ճշտումներ, «Սպայկան» պետբյուջե է վճարել 2 միլիարդ դրամից ավելի: Ինչո՞ւ չէր կարելի այդ նույն մոտեցումը կիրառել 2019 թվականին»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում