«Հայաստանի համար նոր օր է բացվել», հայտարարեց իր խոսքում կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Հայոց ցեղասպանության հիշատակի երեկոյին:
«Հայաստանի համար նոր, հրաշալի օր է բացվել վարչապետ Փաշինյանի հետ, ում տիկնոջը մենք պատիվ ունեինք հյուրընկալելու մեկ շաբաթ առաջ: Նրանց մասին մտածելիս միայն ես ակամա ժպտում եմ, ինչպես Փաշինյանին հաջողվեց երկիրը պայծառ ժողովրդավարության վերածել, եւ այդ ամենը խաղաղ, մարդիկ պարզապես պարում էին փողոցներում, մի կաթիլ արյուն չթափվեց», – նշեց կոնգրեսական Սփիրը, ում մայրը հայ էր: Կոնգրեսականը հայտարարեց, որ պատրաստվում է նամակով դիմել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ԱՄՆ-ի ղեկավարին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք, – կատակեց Ջեքի Սփիրը, – անհրաժեշտ է, որ Քիմ Քարդաշյանը Թվիթերով կոչ անի Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Իսկ եթե լուրջ, ապա Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր է ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, համոզված է կոնգրեսականը.
«Մեր երկիրը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի, ճշմարտությունը սատարողի դիրքերից եւ չկա որեւէ պատճառ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում»:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ, ազդեցիկ դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում նույնպես նշեց, որ դա բարոյական հրամայական է: «Չէ՞ որ ցեղասպանության ժխտումը, Էլի Վիզելի բնորոշմամբ, կրկնակի սպանություն է», – նշում է Շիֆը, ավելացնելով, որ այդ ժխտման քաղաքականությունն այսօր բռնությունների եւ մարդկային կյանքերի կորուստների է վերածվել Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղին ուղղվող ամերիկյան օգնության հարցը երեքշաբթի առավոտյան Կոնգրեսում բարձրացրել էր նաեւ Կոնգրեսական Բրադ Շերմանը, ով լսումների ընթացքում հավաստիացում ստացավ ԱՄՆ-ի կառավարությունից, որ Միացյալ Նահանգները նախատեսում է ֆինանսական միջոցներ ուղղել Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում