Վարչապետի այցը մաքսատուն, նրա վրդովմունքը պետական դրոշի հետ կապված եւ դրանից բխող «կազմակերպչական հետեւությունները», թեեւ «համազգային նշանակություն» չունեին, բայց ուշագրավ են «Նոր Հայաստանի» մասին մեր պատկերացումների շրջանակներում: Ըստ այդմ, «թագավորական հրովարտակների», «արժեքավոր ցուցումների», մարդկանց ստորացնելու եւ ապօրինի հրամանների ժամանակը պետք է որ անցած լինի: Մասնավորապես, ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկից պահանջելու՝ «հենց հիմա դիմում գրի, գնա»: Բացի նրանից, որ դա, այսպես ասած, «Հին Հայաստանի» գործելաոճ է, դա նաեւ ապօրինի պահանջ է: Նույնիսկ ես, որ մասնավոր ՍՊԸ-ի սեփականատեր եմ, դա չեմ կարող պահանջել իմ աշխատողներից՝ Աշխատանքային օրենսգիրքը գործից ազատելու համար նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Իսկ եթե իմ ընկերության տնօրենը, այդ ընթացակարգերը խախտելով, նման հրաման արձակի, իմ աշխատակիցն ինձ կարող է դատի տալ եւ այդ դատը շահել:
Պետական համակարգում կարգավորումներն ավելի խիստ են ու մանրամասն, եւ դա արդարացված է, քանի որ այստեղ ինքնիրավչությունը եւ սուբյեկտիվ մոտեցումը կարող են ավելի վտանգավոր հետեւանքների բերել, քան մասնավոր հատվածում: Կոնկրետ այս միջադեպի պարագայում կարելի է ասել, որ, այո, պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պատժելի է: Բայց շուտափույթ հետեւություններ անելուց առաջ պետք էր պարզել՝
ա/ արդյո՞ք դա Հայաստանի պետական դրոշն էր,
բ/ արդյոք դրա նկատմամբ դրսեւորվե՞լ է անհարգալից վերաբերմունք,
Կարդացեք նաև
գ/ արդյոք այդ անհարգալից վերաբերմունքը դրսեւորել էր մաքսատան հե՛նց այդ աշխատակի՞ցը:
Այդ ամենը չէր կարող պարզվել մի քանի վայրկյանում, դրա համար պետք է ծառայողական քննություն անցկացնել: Բայց եթե անգամ ծառայողական քննությունը պարզի աշխատակցի մեղքը, միեւնույն է, վարչապետն իրավունք չունի նրան աշխատանքից ազատելու: ՀՀ կառավարության 10 մարտի 2016 թվականի թիվ 224 – Ն որոշմամբ՝ մաքսատան աշխատակիցներին աշխատանքից կարող են ազատել կոմիտեի նախագահը կամ աշխատակազմի ղեկավարը` կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և դասային աստիճանից: Եթե հեղափոխության արդյունքում վարչապետի ցասումն առաջացրած մաքսավորը դարձել է քաղաքացի, նա այդ ամենը կասեր կամ գուցե դեռ կասի:
Բովանդակային առումով վարչապետն իրավացի է թե՛ այս դեպքում, թե՛ ԵՊՀ ռեկտորի եւ թե՛ անգամ կազմակերպված քարոզչական մանիպուլյացիաների պարագայում: Պարզապես սկզբունքորեն ճիշտ քայլեր անելուց առաջ պետք է երկար եւ սառնասրտորեն մտածել դրանց իրավական կողմի մասին: Որպեսզի նույն ընդդիմադիրները կամ «չուզողները» չկարողանան այդ ճիշտ նախաձեռնությունների մեջ «սեւ բծեր» գտնել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անցեալ տասնըմէկ ամիսների ընթացքին, մաքսատան այդ խեղճ մարդուն հանդէպ Փաշինյանի վերաբերմունքը, վստահաբար միակ «ապօրինի պահանջ »ը չէ որ վերջինս – իր իւրայատուկ ոճով – արտայայտեց, եւ ստացաւ լրիւ գոհացում, յուզուած ծափահարութիւններու մէջ:
Սկիզբէն ի վեր, ինչ որ ուզում է, անում է, իր ուզած ատեն, իր ուզած կերպով, եւ հասնում է իր նպատակին: Հետեւաբար, հիմա ինչո՞ւ փոխէ, ինչո՞ւ փոխուի: Շատ աւելի հաւանական է, եւ նոյնիսկ բնական է, որ հետզհետէ պիտի սաստկանայ դեռ իր այս վարքագիծը:
Ան որ մէկ տարի առաջ փողոցն էր, նոյնիսկ եթէ միայն լայն ժպիտով սելֆի մը առնելու համար – ալ ուր մնաց դեռ օրերով այլազան յիմարութիւններ ընողը – , պարզապէս իրաւունք չունի գանգատելու, բողոքելու: Որոշ գիծ մը որ անցնի այդ ուղղութեամբ, դա արդէն իրեն լաւապէ՜ս կը բացատրեն օրինապահ մարմինները, նոր վարչակարգի հրամաններով: Նախկին վարչակարգի մնացորդներն ալ բնաւ արժանահաւատ չեն իրենց ընդդիմական կեցուածքին մէջ, ոչ ալ արժանի են վերատիրանալու իշխանութեան որեւէ մասնիկի: Էջը դարձած է: Այլեւս այս ընթացքով ալ կը շարունակուի ամէն բան, նոյնիսկ հինգ տարիներ ետք: Բարի վայելում:
Իսկ «բովանդակային առումով» եւ «սկզբունքային» տեսանկիւնից ծափահարութիւնները արատօրէն շնորհելու պահին, նկատի ունեցէք որ խնդրոյ առարկայ որոշումներուն եւ գործընթացներուն մէջ կայ ենթակայական բնորոշումներու, ոչ-բացարձակ այլ յարաբերական արժեւորումի լայն բաժին մը, որոնք կախեալ են մէկ հատիկ անձի մը կամքէն միայն:
Անցեալին ուրեմն, խնդիրը այն չէր որ վարչակարգը աֆտորիտար էր, այլ՝ թէ ո՞վ էր այդ աֆտորիտարիզմը մարմնաւորող անհատը: Կամ՝ ուրտեղի՞ց էր եկած ան…
Եթէ «բովանդակային առումով» եւ «սկզբունքային» գետնի վրայ այժմու վարչապետին ըսածներն ու ըրածները ճիշդ եւ իրաւացի են, իսկապէս շինիչ եւ կառուցողական են, ապա անոր գործելաոճը ոչ մէկ կարեւորութիւն չունի, ոչ ալ «օրինական» վեհագոյն ու վերացական չափանիշները կիրառումը, որոնք անիմաստ, ծիծաղելի ձեւակերպութիւններ են, ընդհանուր կացութեան մէջ:
«քարոզչական մանիպուլյացիաների » նիւթով «բովանդակային առումով վարչապետը իրավացի է» ?!!
այս մէկը իսկապէս վրիպակ պէտք է որ լինի… հրատարակումէ առաջ յաւելեալ ընթերցման մը չէր դիմանար…
քաղաքականութեան նախնական, հիմնական, տարրական սահմանումը՝ «քարոզչական մանիպուլյացիա» է ! Այդ է այդ խաղին էական կանոնը, նորմը:
Մինչ վարչապետին կուսակցութիւնը տիրացած է իշխանութեան, սարսափելի մեծամասնութեամբ, եւ առանց որեւէ իսկական ընդդիմութեան – դիմացէն ով որ համարձակի ձայնը բարձրացնել, եթէ արդէն բանտում չէ նստած, անմիջապէս ջարդում են զայն, Հարկայինի յարձակումներով, հրապարակային այլազան lynching mob-երով, ներառեալ Աժի պատգամաւորներու խուժանային գունդեր, հանրային եւ մի քանի հատ ալ դրսից ղեկավարուած
բազմաթիւ media-ներ, առաւել Առաջին Տիկնոջ թերթը, եւայլ., եւ այդ ամէնուն վրան ալ դեռ պէտք է որ վարչապետն ալ սպառնալիքնե՞ր շպրտէ օդին մէջ, ԱԱԾ՞ն ալ կամայական յարձակումներու հրահանգ ստանայ…
Եթէ արդէն այդքան տկար է այս վարչակարգը, պէտք է որ այլ լուծումներ գտնէ, որպէսզի դիմանայ: Այսինքն՝ մի քիչ համեստ դառնայ, ինք իր մէջ, ներքին մաքրագործում կատարէ, եւ խելացի համագործակցութիւն գոյացնէ քաղաքական այլ ուժերի հետ: Գոնէ անոնց հետ որոնք լուսանցքին մէջ նստած են, բան չեն անուն եւ ասում: Այսինքն, դէմը չեն գործում, սակայն չեն ալ պաշտպանում…