Եթե դրսում տեսնում եք իր տեղում պտտվող կնոջ, ապա մի շտապեք զարմանալ, ամենայն հավանականությամբ Գյուլվարդ տատիկն է, ում հանդարտ ընթացքը հատել է սև կատուն: Գյուլվարդ Գալստյանը հավատում է ամեն տեսակի նշաններին ու հանգամանքներին, իր խոսքերով, չի էլ հիշում՝ որ ժամանակից սկսած, երևի դեռ չծնված. «Նշաններն ինձ զգուշացնում են վատ կամ լավ նորությունների մասին: Միշտ հավատացել եմ, կհավատամ ու կզարմանամ հիմիկվա ջահելների վրա, որ ծիծաղում են դրանց վրա: Օրինակ, տղաս նոր էր ծնվել, անընդատ հիվանդանում էր, մամաս բերեց, աչքի ուլունք տվեց. էտ օրվանից չի հիվանդանում կամ մեր հարևանի աղջիկը անընդհատ սեղանի ծայրին էր նստում, ամեն անգամ ջղայնանում էի, հիմա էտ սիրուն ու խելացի աղջիկը չի ամուսնացել, տանն ա մնացել»,- ասում է նա:
Չնայած Գյուլվարդ տատի համոզման, որ երիտասարդները ուշադրություն չեն դարձնում այս ամենին, Արուս Միրզոյանը ցույց է տալիս հակառակը. «Չգիտեմ սա սնահավատություն է, թե ոչ, բայց ունեմ հատուկ թալիսմաններ, որոնք պտտում եմ ինձ հետ և մտածում, եթե առավոտյան դրանք չվերցնեմ, ինչ-որ բան կպատահի հետս»:
Սերնդից սերունդ փոխանցված հավատալիքները կարծրանում ու ամրանում են ժողովրդական գիտակցության մեջ՝ մարդուն սահմանափակելով և ստիպելով շարժվել իրենց կանոններով:
«Սնոտիապաշտություն. հենց արդեն բառի իմաստը և բովանդակությունը մեզ հուշում է, որ գործ ունենք դատարկ հավատալիքների հետ, որոնք ոչ միայն խանգարում են ապրել, այլ նաև չեն տալիս հնարավորություն տեսնելու մեր սեփական սխալները».- ասում է Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը և հավելում, որ մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, մինչ այսօր շարունակվում են սնոտիապաշտական տարբեր դրսևորումներ և ավանդույթներ, որոնք տարբեր ժամանակներում մեծ կամ փոքր չափով դրսևորվել են: Արևիկ Կարապետյանը վստահեցնում է, որ սին հավատալիքներին ուշադրություն պետք չէ դարձնել. «Ես դեմ եմ դատարկ բաներին հավատալուն: Կարծում եմ, որ դրանք անիմաստ դժվարեցնում են մարդու կյանքը և հակառակ են մեր հավատին»:
Մարդը տեսնում է խորհրդավորն ու անհասկանալին, զգում է, որ երևույթները կախված չեն իրենից, այլ տարբեր հանգամանքներից, և փորձում է դրանց բացատրություններ տալ, երբեմն՝ մեղավորներ փնտրել:
«Սնահավատության, սնապաշտության դիմում են այն մարդիկ, որոնք ցանկացած երևույթի հանդեպ պատասխանատվությունը փորձում են իրենց վրայից գցել: Մարդիկ կան, ովքեր ասում են՝ արհեստական ծաղիկներ տանը չի կարելի պահել, որովհետև դա վատ նշան է. իրականում դա վատ նշան չէ, պարզապես մենք մեզ ներշնչում ենք: Եթե մարդը իրեն կոդավորում է, որ վատ բան կլինի, նա ենթագիտակցորեն միշտ վատ բանի է սպասում, և ինքը երբեք չի կարող հանգիստ ապրել»,-ասում է հոգեբան Սաթեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
«Մարդիկ այս ամենը հորինել են նրա համար, որպեսզի ձախողումները, անհաջողությունները, փորձություններն անմիջապես կապեն սնոտիապաշտական երևույթների հետ և ասեն, որ մենք չէինք մեղավոր, այլ այդ երևույթները»,- նշում է տեր Եսայի քահանան, իսկ այն փաստին, որ երբեմն սնոտիապաշտական երևույթները փորձում են ներկայացնել քրիստոնեության քողի տակ պնդում է, որ բոլոր դեպքերում և բոլոր պարագաներում եկեղեցին ցանկացած սնոտիապաշտական դրսևորմանը դեմ է:
Հավատալ, դարձնել կենսակերպ՝ արհեստականորեն բարդացնելով ու սահմանափակելով մեր կյանքը, թե ապրել ազատ ու հանգիստ:
Թեհմինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.04.19