Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Սպայկա»-ի գործով ՊԵԿ պաշտոնյայի պատասխանատվության հարց չկա

Ապրիլ 10,2019 14:30

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։
Իսկ հարկեր-տուրքերից չարամտորեն խուսափելն, ըստ պետական եկամուտների կոմիտեի, 7 միլիարդ դրամ է: Թեեւ, Ղազարյանը համաձայն չէ այս թվի հետ, նա օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե 7 միլիարդից 5 միլիարդը ընկերությանը վերադարձի ենթակա գումար է, այսինքն՝ ավելացված արժեքի հարկն է: Բայց նկատենք, այս 5 միլիարդը ընկերությունը նախ պետք է վճարեր պետությանը, հետո նոր հետ ստանար: Եվ այդ 5 միլիարդը 1-2 օրվա ներմուծման գումար չէ:

Ղազարյանը մեղադրանքը չի ընդունում, նա ինչպես օրեր առաջ, երեկ էլ ասում էր՝ եկեք պարտքը հաշվարկենք, որքան կկազմի իրական պարտքը՝ կվճարեմ:
Գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող, նաեւ գյուղացիներից գյուղապրանքներ մթերող եւ արտահանող այս խոշոր ընկերության տնօրենը ասուլիսի ժամանակ, կարելի է ասել, մեղայականով ՊԵԿ-ին դիմելով պարբերաբար ասում էր՝ ինչո՞ւ այսքան ժամանակ չեք կանչել, չեք ասել՝ պարտք ունես, վճարիր:
Այս պատմության մեջ թերեւս ամենախոցելին գյուղացիները եւ ընկերության շարքային աշխատակիցներն են: Երեկ մտահոգված էին՝ իրենց բերքը ո՞վ է մթերելու, վարկեր ունեն եւ այլն: Ղազարյանն արդեն հայտարարել է, որ չի կարող մթերել, քանի որ 100 միլիոն դոլար վարկը կասեցվել է՝ քրեական հետապնդման պատճառով:

Այս օրերին շրջանառվում է, թե «Սպայկա»-ն, երբ 2015-ին թուրքական ապրանքների վաճառքը ՌԴ-ում արգելվեց, ընկերությունը ներմուծեց թուրքական լոլիկ, ծագման երկիրը փոխեց, կարելի է ասել՝ կեղծեց, դարձրեց այն հայկական արտադրության եւ արտահանեց ՌԴ: Այսինքն, «Սպայկա»-ն այս «մախինացիայի» համար է մեղադրվում:

«Առավոտ»-ը փորձեց ՊԵԿ-ից պարզել՝ արդյոք մեղադրանքն իրոք վերաբերում է թուրքական լոլիկի կեղծմանը: ՊԵԿ-ից սակայն հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, նախաքննությանը չխանգարելու պատճառաբանությամբ:
Սակայն, հիշեցնենք, թե ըստ ՊԵԿ-ի, ինչ մեղք է գործել նախկին իշխանությունների օրոք ոլորտում մենաշնորհ նվեր ստացած այս ընկերությունը: ՊԵԿ-ը վստահեցնում է՝ «Սպայկա»-ի ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015 թվականների ընթացքում «Սպայկա»-ի միջոցով ձեռք է բերել դեպի ՀՀ փոխադրման եւ ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ եւ այլ ապրանքներ, որոնք 2015-2016 թվականներին Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստան: Այս ապրանքների խմբաքանակները Վրաստանից Հայաստան բերելիս, «Սպայկա»-ն Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացրել է ապրանքների մասին իրական տվյալներ, բայց երբ սահմանը հատել է եւ Հայաստան է ներմուծել՝

ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի հաշվարկումից եւ վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա»-ի տնօրինությամբ կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:
Այս առնչությամբ դեռ մամուլի ասուլիսին Ղազարյանին ուղղված մեր հարցին ի պատասխան, վերջինս պատասխանել է՝ «Մենք կատարել ենք այլ ընկերության հանձնարարություն: Ամեն ինչը ֆիքսված է, կա: Մենք եկամուտ հետապնդող ընկերություն ենք գյուղատնտեսության մեջ: Մենք օրենքի տառը պահել ենք, եկամուտ ստացել ենք, եկամուտից հարկը տվել ենք»: Արժանահավա՞տ է Ղազարյանի պատասխանը: Կարծես մի բան թաքցնում է:

Սակայն, ուշագրավն այն է, որ «Սպայկա»-ի չվճարած այդ միլիարդավոր հարկերի եւ ըստ էության փաստաթղթեր կեղծելու համար ՊԵԿ որեւէ պաշտոնյայի անուն չի շրջանառվում: Պարզ է, չէ՞ որ «Սպայկա»-ի այդ ապօրինություններն առանց ՊԵԿ պաշտոնյաների գիտության անհնար կլիներ իրականացնել: ՀՀ մաքսակետով անգամ մարդատար մեքենայով ապրանք առանց մաքսազերծման հնարավոր չէ անցկացնել, էլ ուր մնաց թե «Սպայկա»-ի ֆուռերով մաքսազերծման ենթակա ապրանք ներմուծեն, բայց ներկայացնեն ոչ մաքսազերծվող ապրանք:
Հիմա, սակայն, հարցականի տակ է ընկերության հետագա աշխատանքը եւ հատկապես նորաստեղծ պանրի գործարանի եւ գյուղմթերքների մթերումը: Աչքներս թարթելու ենք եւ բերքահավաքի սեզոնն է բացվելու. արդյոք անցումային արդարադատության գաղափարով պետք է կառավարությունը գործի եւ ասենք՝ խոշոր մթերող եւ արտահանող այս ընկերության չվճարած հարկերը հետ ստանա, եւ թույլ տա շարունակի բնականոն աշխատանքը՝ համագործակցելով գյուղացիների հետ:

Սոցցանցերում կարծիքները տարբեր են՝ անողոք եւ մեծահոգաբար: Ոմանք պնդում են, որ «Սպայկա»-ն օրինակ՝ ծիրանի բերքի մթերման սեզոնին միտումնավոր չէր մթերում, մինչեւ պտուղը լավ հասունանա եւ էժան գներով ձեռք բերի գյուղացիներից: Ոմանք էլ ասում են՝ քանի դեռ դաշտում այլ խաղացող չկա, իսկ հազարավոր գյուղացիներ կախված են այս ընկերությունից, պետք է ավելի մեղմ մոտենալ ընկերությանը, մանավանդ, որ ընկերությունը խոստացել է վարկային նոր միջոցներով մոտ 1000 աշխատատեղ ստեղծել:

Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանը երեկ լրագրողներին ասել է՝ «3 օրում 7 միլարդ հարկ է որոշվել՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու, սա աննախադեպ է թե՛ հին, թե՛ նոր ՊԵԿ-ի համար»:
Ղազարյանը երեկ դատարանում ասել է՝ «Ինձ չի թվում որ արդարություն կա»: Ղազարյանի պաշտպանները բողոքարկելու են դատարանի որոշումը:
Երեկ երեկոյան ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը «Սպայկա»-ի գործի մասին ասել է՝ «Ես չեմ կարծում թե որեւէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսի: Այսինքն՝ ցանկացած ընկերություն կարող է ասել՝ այ, հարկեր եք ուզում մեզանից կամ մեր չվճարած հարկերը վճարենք, ուրեմն՝ մենք գյուղացու հետ էս կանենք, էն կանենք: Դա ի՞նչ խոսակցության ձեւ է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

10.04.19

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բոլոր կարծիքների արտայայտումը, օրինական, քաղաքական եւ գաղափարական վիճաբանութիւնները, զանազան, այլազան եւ դեռ զարմանազա՛ն բանավէճերը, կարող են տեղի ունենալ, եւ նոյնիսկ կրնան երբեմն օգտակար հանդիսանալ երկրի յառաջխաղացքին:

    Շշմեցուցիչը, անընդունելին, զարհուրելին՝ նախնական կալանաւորումը որեւէ առիթով գործածելն է որպէս ճնշում բանեցնելու, կամք կոտրելու, լռութեան մատնելու, վախ ու սարսափ ներշնչելու միջոց. մարդ բանտ նետելը վերածւում է այդ միտումներով՝ կառավարական կոպիտ գործիք:

    Թէ Հարկայինը, թէ ԱԱԾ-ն, թէ Դատախազութիւնը, քաղաքացիների նկատմամբ կառավարութեան ամենախիստ ու ամենազօրեղ մարմինները, համակարգուած կերպով գործածւում են հենց վերոնշեալ միտումներով, նպատակներով: Իսկ «դատավորներն» ալ պարզապէս իրենց կնիքը խփում են միայն գործադիր իշխանութեան որոշումներին վրայ, ոնց որ անոնց հլու քարտուղարները լինէին:

    Յեղափոխական տրամաբանութեան մէջ, վերոնշեալ դիտարկումները շատ իմաստ չունին, քանի որ այդ ընթացքում – որու տեւողութիւնը սակայն կարճ կ’ըլլայ -, ամէն բան կ’առկախուի, ներառեալ ու յատկապէս Օրէնքները եւ նոյնիսկ Սահմանադրութիւնը: Յեղափոխութիւնը ինքնին էական հերքումն է անոնց, եւ ուրեմն, որոշ անցումային քաոս մը բնական կը համարուի, սակաւաթիւ անհատներ կը դառնան ժամանակաւոր, սիրուած դիկտատորներ – բառին ամենահին, հռոմէական, դրական իմաստով – : Մինչեւ որ, կարելի եղածին չափ շուտ, Պետականութիւնը վերահաստատուի:

    Սակայն այժմ խօսում ենք ընտրութիւնների ճանապարհով գոյացած, յետ-յեղափոխական իշխանութեան մը մասին, որ կը հաւակնի երկիրը ղեկավարել ու զայն ներկայացնել որպէս նորոգուած, կազդուրուած, նորմալացած երկիր մը:

    Եթէ ամէն վայրկեան կամ որեւէ պահին, մի քանի անհատների կամքի հիման վրայ միայն, պետական տարրական ըմբռնողութիւնը անգամ պիտի առկախուի, եւ անոր տեղ պիտի գործէ յեղափոխական տրամաբանութիւնը, սա ուրեմն նշանակում է թէ Հայաստանը պիտի մնայ յեղափոխական վիճակի մէջ, հինգ տարիներ շարունակ: Անկէ ետք, լրջօրէն, բան մը կը մնա՞յ դեռ, այդտեղ…

    Դեռ չխօսելու համար այդ հինգ տարիների ընթացքին պատերազմի բռնկման բարձր հաւանականութեան մասին… Մինչ այս վիճակի մէջ երկրի մը պարագային, նոյնիսկ եթէ Բանակը յաջողի պահել իր կորովը եւ մնալ միասնական ու անայլայլ, պատերազմական դրութիւնը կը դառնայ նաեւ… աւելի կտրուկ միջոցներով, ներքին հաշիւներ մաքրելու առիթ:

    Եթէ այս չէ, որ կոչւում է՝ Անդունդի ծայրը, չեմ գիտեր թէ ի՞նչ է դա…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930